հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Հայոց Ցեղասպանություն


Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը Հրեական Հոլոքոստի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների և բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունն, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված Ազքերի Կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

 


Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:


Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին.   

1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:


Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

 Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:


Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:


Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:
Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն:



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈւՄ

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Ստորեւ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային եւ ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:


Խորհրդարանական Որոշումներ, օրենքներ եւ հռչակագրեր

 Շվեդիայի խորհրդարանի բանաձեւ - 11 մարտի, 2010
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 4 մարտի, 2010
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 10 հոկտեմբերի, 2007
Չիլի, Սենատի որոշումը – 7 հուլիսի, 2007
Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2006
Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006
Լիտվա, Ասամբլեայի որոշումը – 15 դեկտեմբերի, 2005
Եվրոպառլամենտի որոշումը – 28 սեպտեմբերի, 2005
Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը -14 հուլիսի, 2005
Գերմանիա, Պառլամենտի որոշումը -15 հունիսի, 2005
Արգենտինա, Սենատի որոշումը – 20 ապրիլի, 2005
Լեհաստան, Պառլամենտի որոշումը – 19 ապրիլի, 2005
Նիդեռլանդներ, Պառլամենտի որոշումը – 21 դեկտեմբերի, 2004
Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը -30 նոյեմբերի, 2004
Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004
Արգենտինա, Սենատի հռչակագիրը – 31 մարտի, 2004
Ուրուգվայ, օրենք – 26 մարտի, 2004
Արգենտինա, օրինագիծ – 18 մարտի, 2004
Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք,
Ազգային խորհրդի որոշումը-16 դեկտեմբերի, 2003
Արգենտինա, Սենատի որոշումը -20 օգոստոսի, 2003
Կանադա, Սենատի որոշումը – 13 հունիսի, 2002
Եվրոպառլամենտի որոշումը - 28 փետրվարի, 2002
Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001
Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001
Ֆրանսիա, օրենք – 29 հունվարի, 2001
Իտալիա, Դեպուտատների Պալատի որոշումը – 16 նոյեմբերի, 2000
Եվրոպառլամենտի որոշումը – 15 նոյեմբերի, 2000
Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000
Լիբանան, Պառլամենտի որոշումը -11 մայիսի, 2000
Շվեդիա, Պառլամենտի զեկույցը – 29 մարտի, 2000
Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ–28 մայիսի, 1998
Բելգիա, Սենատի որոշումը – 26 մարտի, 1998
Լիբանան, Դեպուտատների Պալատի որոշումը – 3 ապրիլ ի, 1997
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, որոշում 3540 – 11 հունիսի, 1996
Հունաստան, Պառլամենտի որոշումը - 25 ապրիլ ի, 1996
Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 23 ապրիլի, 1996
Ռուսաստան, Դումայի որոշումը – 14 ապրիլի, 1995
Արգենտինա, Սենատի որոշումը – 5 մայիսի,1995
Եվրոպառլամենտի որոշումը – 18 հունիսի, 1987
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 247- 12 սեպտեմբերի, 1984
Կիպրոս, Ներկայացուցիչների Պալատի որոշումը – 29 ապրիլի, 1982
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 148 – 9 ապրիլի, 1975
Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների Պալատ, որոշում – 20 ապրիլի, 1965
ԱՄՆ, Սենատ, որոշում 359 – 11 մայիսի, 1920
ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919
ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 – 9 փետրվարի, 1916
Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915



Մշակութային եղեռն

 Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները` ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ,  այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9-ի Կոնվեցիայի մեջ:
Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:
Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «...Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ էր ստեղծել, որոնք զբաղվում էին լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով էին վաճառվում... Ես մի անգամ գնացի եկեղեցի տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ էին: Գիտական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար»:
Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության, Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում, քանզի այդ հուշարձանները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:
Թուրքիայում 1920-ական թթ.-ից սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրավորված ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:
Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:
1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:
Հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:


Տեղեկատվությունը տրամադրել է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությունը: