հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

30 04 2013
Հայոց Ցեղասպանության հիշատակման 98-րդ տարելիցը

The_Combat_Genocide_Association


Վերջերս ինձ համար եղբայր գտա, եղբայր ազգ իմ սեփական ժողովրդի համար: Մի ազգ, որի ճակատագիրը շատ նման է մեր ժողովրդի ճակատագրին: Կուզենայի հայ և հրեա ժողովրդներին ավելին պատմել իմ բացահայտման մասին:  

Երևան քաղաքը հիմնադրվել է Ահաբ թագավորի և Եղիա մարգարեի, առաջին տաճարի, զարգացման և բարգավաճման ժամանակաշրջանում: Մի քանի հարյուր տարի անց, հին հայկական թագավորություններից մեկը հիմնադրվեց այն ժամանակ, երբ հրեա ժողովուրդը վերադարձավ իր հայրենիք բաբելոնյան աքսորից հետո: Հաջորդող երկրորդ տաճարի ժամանակաշրջանն աչքի ընկավ հռոմեական զավթումներով, որի արդյունքում հրեա ժողովուրդը ցրվեց աշխարհով մեկ: Ովքե՞ր ավելի լավ, քան դուք՝ հայերդ, կարող եք հասկանալ աքսորի և շրջափակման նման պատմությունը: Չնայած այն հանգամանքին, որ անկախության մշտական կորուստը վերջ չդրեց ձեր գոյությանն և անկախ կրոնական և մշակութային արժեքների հանդեպ իրականացվող դիտավորյալ ոտնձգություններից, դուք շարունակում եք գոյություն ունենալ:

Երբ թուրքերը սկսեցին հավերժացնել ձեր դեմ կատարված հանցագործություններն, իմ ազգն առաջինների թվում էր, որ դեմ կանգնեց վայրագություններին: 1915թ.-ի հուլիսի 16-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գրեց. «Խաղաղ հայերի դեմ անկարգություններն ու արտաքսումներն աճում են, և վկաների սարսափազդու խոսքերից ակնհայտ է դառնում, որ ազգի բնաջնջման արշավն ընթանում է ապստամբության դեմ պայքարի պատրվակով: Բողոքի ցույցերն ու սպառնալիքներն ապարդյուն են և հավանաբար, հրահրում են Օսմանյան ղեկավարությանը՝ դիմել ավելի արմատական քայլերի, քանի որ նրանք վճռականորեն հրաժարվում են պատասխանատվությունից՝ կապված իրենց կողմից կապիտուլյացիայի բացարձակ անտեսման հետ: Ես կարծում եմ, որ ֆանտաստիկ ուժ է պետք կիրառել, որն ԱՄՆ-ն ակնհայտորեն չունի, այս իրավիճակը փոխելու համար: Խորհուրդ եմ տալիս այս մասին տեղեկացնել պատերազմող ազգերին և առաքելություն իրականացնող խորհուրդներին»: 

Ահարոն Ահարոնսոնը՝ հայտնի սիոնիստ առաջնորդն, ով ճամփորդել է ամբողջ Օսմանյան կայսրության տարածքով, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը ներկայացրեց «Ի շահ Հայաստանի» խորագրով հուշագիրը, գրելով. «Հռոմեացի գեներալ Տիտուսի հրամանով հրեաների մասսայական կոտորածները կարելի է համարել պատմության միակ դրվագը, որը զուգահեռներ ունի հայերի մասսայական սպանդի հետ»:

Ցավոք, այդ ժամանակվա ղեկավարները որոշեցին անտեսել Մորգենթաուի և Ահարոնսոնի խնդրանքը: Թուրքերի հանցանքի դեմ դուրս եկավ նաև Ռաֆայել Լեմկինն, ով հասկացավ, որ նման հանցանքների անտեսումը մարդկությանը կստիպի երկրի վրա դժոխք ստեղծել: Լեմկինը վրդովվեց, լսելով 1920-ին Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի դատավճիռն ու ասաց. «Ինչո՞ւ է մարդը պատժվում, երբ սպանում է մեկ այլ մարդու: Ինչո՞ւ միլիոնավոր մարդկանց սպանությունը ավելի մեղմ հանցանք է, քան մեկ անձի սպանությունը»: 

Լեմկինն եռանդորեն պայքարում էր կառավարության կողմից հետապնդվող փոքրամասնությունների հանդեպ իրականացվող չարիքների դեմ և կարևոր դեր խաղաց 1933թ.-ի միջազգային օրենքի ընդունման գործում, որն արգելում էր ազգերի, ժողովուրդների և ցեղերի ոչնչացումը: Լեմկինն ընդունում էր, որ ցեղասպանություն չի կարող տեղի ունենալ գաղտնի և պահանջում է ընդհանուր բնակչության համաձայնությունը: Լեմկինը նաև կարծում էր, որ ուժեղ և որոշիչ գործողություններ էր պետք իրականացնել Գերմանիայի նացիստական ռեժիմի դեմ, որն արդեն սկսել էր հետապնդել Եվրոպայի հրեաներին: Օրենսդիրները մերժեցին Լեմկինի միջամտությունը: Այս մերժումն, անկասկած, խայտառակություն էր: 

Մուսա լեռան դիմադրության թողած ժառանգությունն ակնհայտ էր Հոլոքոստի ժամանակ: Մորդեխայ Տենենբաումը (Դրոր երիտասարդական շարժման անդամն և Վարշավայի, Վիլնայի ու Բիալիստոկի ընդհատակյա խմբավորումների ղեկավարը) ասաց. «Մեզ միայն մի բան է մնում՝ ցանկացած գնով կազմակերպել հավաքական դիմադրություն գետտոյում՝ այն դարձնելով մեր Մուսա լեռը, գրել հրեական Բիալիստոկի և մեր շարժման հպարտ պատմությունը»: 

Հրեա ժողովուրդն երկար է պայքարել, որպեսզի Հոլոքոստից շատ տարիներ անց կառուցի իր հայրենիքը. ցավոք, անկախություն կարողացանք ձեռք բերել 6 միլիոն մարդու մահից հետո: Ես մեծացել եմ Իսրայելի Երիտասարդական աշխատավորական շարժման կողմից հիմնված Միշմար ՀաՆեգեվ համայնքում: Դաստիարակվել եմ աշխատանքի, պաշտպանության և խաղաղության արժեքների վրա. արժեքներ, որոնք, անշուշտ, ձեզ էլ են վերաբերում: Մեր անկախությունը հսկայական առավելություն է, և մենք ձեզ հետ տոնում ենք ձեր անկախության 22-ամյակը: Շատ ազգերի կողմից ցեղասպանության ճանաչման բացակայությունը ստիպել է հայերին տանջվել, սակայն շարունակում է ձեռնոց նետել հայ ժողովրդի վերականգնման գործընթացին: Ցեղասպանություն վերապրածներից ոչ բոլորն են մեզ նման միջազգային ճանաչման արժանացել: 

Դժբախտաբար, Հոլոքոստին հետևեց ցեղասպանության ռեժիմի կիրառումն ամբողջ աշխարհում: Բիաֆրայում շուրջ 2 միլիոն բիաֆրաներ սովամահ եղան և սպանվեցին Նիգերիայի բանակի կողմից: Բանգլադեշում Պակիստանի զորքերը սպանեցին շուրջ 2 միլիոն բենգալների: Կամբոջիայում Խմեր Ռուջը հանգեցրեց 2 միլիոն կամբոջացիների մահվանը: 20-րդ դարի այս սարսափը կրկնվեց Գվատեմալայում, Բուրունդիում, Յուգոսլավիայում, Ռուանդայում, Սուդանում և այլուր:

Չեմ կարող չհարցնել, թե ինչպիսի՞ն կլիներ 20-րդ դարի պատմությունը, եթե միջազգային հանրությունն ավելի խստորեն պատժեր Հայոց Ցեղասպանությունն իրագործողներին: Որպես հրեաներ և հայեր, մենք սա բոլորից լավ կարող ենք հասկանալ և, հետևաբար, պատասխանատվություն ենք կրում չժխտել կամ չանտեսել այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները: Դարֆուրում տասնամյակ շարունակ ցեղասպանություն է տեղի ունենում, և մենք չպետք է անտեսենք սա: Մենք չենք կարող ապրել խաղաղության մեջ, քանի դեռ Թուրքիան պաշտոնապես պատասխանատվություն չի վերցրել իր գործողությունների համար: Հայոց Ցեղասպանության ժխտումն ամեն մարդկային էակի ճակատից արյունահոսող Կայենի նշան է: Այս ժխտումը ոչ միայն ամենաթողություն է տալիս այլ ցեղասպանություն նախաձեռնողներին, այլ նաև նվաստացնում է մեզ, մեր եղբայրներին: Կուզենայի ավարտել խոսքս Սաղմոսների գրքից վերցված տողերով, որոնք ինձ հիշեցնում են հայերի մասին. «Պահպանե´ք ձեր լեզուն չարից և ձեր շուրթերը՝ խաբեություն արտասանելուց: Հեռացե´ք չարից և բարին գործե´ք, փնտրե´ք խաղաղություն և հետևե´ք դրան»:    

Ուրիել Լեվի


 

http://www.cga.org.il/?cat=14





BACK