հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

20 12 2011
Նորվեգական ելեւէջները. Հումանիզմից մինչեւ Հոլոքոստ

 Kwisling

Հեղինակ՝ Սուրեն Մանուկյան

 
Աղբյուրը՝ www.tert.am


Արձակուրդի ընթացքում աշխատում էի լուրերին չհետեւել: Նորվեգական սպանդի մասին նույնպես ուշացումով իմացա: Անդրես Բրեյվիկը. որի «անհատական հեղափոխության» զոհը դարձան յոթ տասնյակ մարդ, այդ թվում Ուտոյա կղզու վրա ճամբարում գտնվող բազմաթիվ երիտասարդներ, կատարյալ չարիքի մարմնավորում թվաց: Հետո հանդիպեցի հայկական լրատվամիջոցներում այդ դեպքերի մեկնաբանության շուրջ ծավալված բանավեճին:


Մասնավորապես, հայկական մի շարք տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներ Բրեյվիկի սարսափելի ոճրի հետ մեկտեղ ակտիվորեն քննարկում էին նրա «2083. Եվրոպական անկախության հռչակագիր» վերնագրված մանիֆեստում հիշատակված հայկական թեման եւ Հայոց Ցեղասպանության մասին դրվագները: Ուշադրությունը միանշանակ չափազանցված էր: Բրեյվիկը քննադատում է բազմամշակույթ հասարակությունը եւ ներկայացնում մի ծրագիր, ըստ որի ոչ եվրոպացիները պետք է վտարվեն Եվրոպայի տարածքից եւ պետք է ճնշել մահմեդականության զարգացումը Եվրոպայում: Հակաիսլամական գաղափարներով տոգորված ֆանատիկոսը իր 1015 էջանոց "աշխատությունում" լուսաբանելով իսլամ-քրիստոնեություն քաղաքակրթական պայքարի պատմությունը, ամեն դեպքում չէր կարող խուսափել Հայոց Ցեղասպանության հիշատակումից եւ շատ բնական է, որ պետք է հայերին դիտարկեր իբրեւ այս "պայքարի" ճակատում գտնվող առաջամարտիկների: Սա ոչ թե Բրեյվիկի "հայասիրության", այլ իր մոլորության տրամաբանությունից է բխում:

Բացի այդ պատմությունը պահպանել է մի դրվագ, երբ նորվեգացի մեկ այլ ստահակ հայտնվել է հայոց պատմության էջերում:

Հայոց Ցեղասպանությանը հաջորդած տարիներին հանրահայտ նորվեգացի բեւեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենն ընտրվել էր նորաստեղծ Ազգերի Լիգայի փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ եւ հատուկ վերաբերմունք ուներ հայերի նկատմամբ: Նա հետեւողականորեն պայքարեց Հայաստանի Հանրապետությունն այդ կազմակերպության կազմի մեջ ընդգրկելու համար, նրա շնորհիվ տասնյակ հազարավոր տարագիր հայեր ստացան փախստականի անձնագիր եւ, վերջապես, նրա ջանքերի հետեւանքով Ազգերի Լիգան ստեղծեց մի հանձնախումբ,  որը 1925թ. հունիսին եկավ Խորհրդային Հայաստան' քննելու հայ գաղթականներին հայրենիքում վերաբնակեցնելու հարցը: Պատվիրակության կազմում էին ֆրանսիացի Ժ.Կարլը, անգլիացի Չ.Դուպուիսը, իտալացի Պ.Լո.Սավիոն, իսկ հանձնաժողովը գլխավորեց անձամբ Ֆ.Նանսենը: Վերջնիս նախաձեռնությամբ պատվիրակության կազմ հրավիրվեց եւ նրա քարտուղարը դարձավ կապիտան Վիդկուն Քվիսլինգը: Նանսենը շատ մեծ ջերմությամբ էր վերաբերվում երիտասարդ, բայց արդեն գործով իր արհեստավարժությունն ապացուցած Քվիսլինգին: Վիդկունը դեռ 1921 թ. գլխավորել էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի սովյալների օգնության նանսենյան կազմակերպությունը եւ իրեն լավագույնս էր դրսեւորել այդ աշաատանքում' էականորեն բարելավելով տառապյալները ճակատագիրը: Նրա այդ փորձը Նանսենը ձգտում էր օգտագործել նաեւ Հայաստանում: Նանսենի հետ Քվիսլինգը գալիս է Հայաստան եւ փորձում պայմաններ ստեղծել Բալկաններից մի քանի հազար հայ փախստականների վերադարձի համար: Պատվիրակությունը, որի համար Քվիսլինգը նաեւ թարգմանիչ էր, շրջում է ամբողջ երկրով, փորձելով լուծել ջրամատակարարման եւ մշակովի հողերի ընդլայնման հետ կապված հարցերը, սակայն ապարդյուն: Նույնիսկ, երբ Նանսենը հեռանում է Եվրոպա, նա հանձնարարում է Քվիսլինգին հանդիպել եւ բանակցություններ վարել անդրկովկասյան հանրապետությունների ներկայացուցիչների հետ Երեւանում եւ Մոսկվայում' ոգոռման ու փոխստականների վերաբնակեցման համար ֆինանսների հայթայթման նպատակով: Նանսենի նամակները ցույց են տալիս ինչ մեծ վստահություն էր տածում նորվեգացի հունամիստը Քվիսլինգի նկատմամբ: 1929 թ. վերաբնակեցման ծրագիրը վերջնականակապես տապալվեց, իսկ հաջորդ տարի վախճանվեց նաեւ Նանսենը:

Քվիսլինգը վերադարձավ Նորվեգիա: Ընդամենը տաս տարի անց, հայերին օգնելու ծրագրով տարված այս իդեալիստը դառնում է նորվեգական ֆաշիստների առաջնորդը, գլխավորում պրոնացիստական կառավարությունը: 1942 հոկտեմբերից 1943 թ. փետրվարի ընթացքում նույնիսկ առանց Գերմանիայի հրահանգի Քվիսլինգի անձնական նախաձեռնությամբ, իրականացվում են Նորվեգիայի հրեական բնակչության զանգվածային ձեռբակալություններ եւ տեղահանություն դեպի ոչնչացման ճամբարներ: 1945 թ. մայիսի 8-ին ֆաշիզմի տապալումից հետո, Քվիսլինգը ձեռբակալվեց, իսկ հոկտեմբերին գնդակահարվեց:

Հայերի բարեկամը դարձավ համաշխարհային չարիք: Զարմանալի փոխակերպում:

 

http://www.tert.am/blog/?p=2365

 

http://www.friends-of-armenia.org/magazine/relations-with-israel/132-norwegian-modulation-from-humanism-to-holocaust



BACK