հայ eng heb
armenia-israel.com armenia-israel.com





Նորություններ

17 09 2013
Վալլենբերգ հիմնադրամը հայ փրկչին պարգևատրում է Վալլենբերգի մեդալով

Kogan_ev_Khachatryan_1Երևանում՝ ՀՀ նախագահի նստավայրում, Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը  «Ռաուլ Վալլենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրեց Հոլոքոստի հայ փրկիչ բժիշկ Հարություն Խաչատրյանին: ՌՎՄՀ-ի հիմնադիր Բարուխ Տենեմբաումն և հիմնադրամի հայտնի կամավոր Արտյոմ Չերնամորյանը մեդալը հանձնեցին նրա թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին:

«Վերջին երկու տարիների ընթացքում մեր կազմակերպությունը ղեկավարում է իմ լավ բարեկամ, արգենտինահայ գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանը: Մեզ համար մեծ պատիվ է խորհրդի կազմում ունենալ նրա նման անձնավորություն, որովհետև նա մեզ այսպես կոչված «հայկական ոգի» է ներշնչել. համադրություն մարդկային համերաշխության բարձրագույն արժեքների և շարունակական նախաձեռնությունների, որոնք այնքան բնորոշ են հայ ժողովրդին»,-ասաց Թենեմբաումը:


«Վալլենբերգ հիմնադրամը շարունակելու է անդադար աշխատել՝ նպատակ ունենալով բացահայտել հայ փրկիչների զարմանալի պատմությունները: Մենք հպարտ ենք և պատիվ ունենք Ռաուլ Վալլենբերգի 100-ամյակի մեդալ հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին, ով որպես ՀՀ ղեկավար ներկայացնում է բոլոր հայ փրկիչներին, ովքեր արդեն ճանաչվել են և ովքեր դեռևս անհայտ են»,-ասաց Դանիել Ռաիները՝ ՌՎՄՀ-ի փոխնախագահը:
 

Վերջին երկու տարիների ընթացքում ՌՎՄՀ-ն ակտիվորեն փնտրում էր հայ փրկիչների, և այդպես հայտնի հայ երգչուհի Աննա Խաչատրյանը կապվեց ՌՎՄՀ-ի կամավոր պարոն Արտյոմ Չերնամորյանի հետ՝ պատմական տեղեկություններ տրամադրելով իր հանգուցյալ պապի՝ բժիշկ Հարություն Խաչատրյանի սխրանքների մասին:
 

Հարություն Ռուբենի Խաչատրյանը  ծնվել է 1915 թվականի ապրիլի 10 -ին Նախիջևանի Կարախան- Բեկլու գյուղում: Սովորել է Կարախան-Բեկլուի գյուղական դպրոցում: Երևան է եկել 1934 թվականին և ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո գնացել է բանակ և 1939թ.-ից ծառայել է սովետական բանակում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական հոսպիտալի բժիշկ և 1941թ-ի օգոստոսին, չլքելով վիրավորված զինվորներին, Վելիկիե Լուկի քաղաքի մոտ գերի է ընկել: Այդ ճամբարում ծառայելով որպես բժիշկ, նա հանդիպեց և բուժեց վիրավոր հրեա բանտարկյալ Իոսեֆ Կոգանին՝ փրկելով նրա կյանքը:
  

1946-ին բժիշկ Հարություն Խաչատրյանը վերադարձավ Հայաստան և 1946-49թթ. աշխատեց Աշտարակի շրջանային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ: 1949-ին նա մահվան դատապարտվեց՝ հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Դատավճիռն այնուհետ փոխվեց 25 տարվա ազատազրկման: 1949-ից 1956թթ. նա իր պատիժը կրեց Նորիլսկում՝ Սիբիր: Ազատ արձակվեց 1956-ին և վերականգնեց իր պաշտոնը 1960-ին:
1956-1984թթ. որպես բժիշկ աշխատեց Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում: 1983-ին տեղի ունեցավ նրա երկար սպասված վերամիրավորումը մարտական ընկերների ու բարեկամների հետ:
 

ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեին ուղղված Իոսեֆ Մովսես Կոգանի նամակը բացահայտում է, թե ինչպես այս հայ հերոսը՝ Հարություն Խաչատրյանը, փրկեց Կոգանի կյանքը: Այս նամակում Կոգանը պատմում է ամբողջ պատմությունը՝ նկարագրելով, թե քանի անգամ են հայերը և դոկտոր Խաչատրյանը մասնավորապես, փրկել նրա կյանքը: Կոգանը ձերբակալվել էր գերմանացիների կողմից 1941-ի օգոստոսին Վելիկիե Լուկի քաղաքի մոտ, աջ ոտքից վիրավոր և անգիտակից վիճակում տեղափոխվել էր համանուն համակենտրոնացման ճամբար: 
Բժիշկ Հարություն Խաչատրյանը բուժեց նրան, և Կոգանը կարողացավ կրկին քայլել, սակայն ավելի ուշ հրեա ռազմագերին վարակվեց բծավոր տիֆով: Չնայած կարանտինին և մահամերձ հիվանդների հետ չշփվելու հրամանին, Խաչատրյանը շարունակեց այցելել նրան՝ սնունդ և դեղորայք բերելով:


Hay_partizanner_ev_Kogan_1-verjnakanՌազմագերիներին պարբերաբար տեղափոխում էին տարբեր ճամբարներ. Վելիկիե Լուկիից ՝ Պոլոցկ, Պոլոցկից՝ Բորիսովո, Բորիսովոյից՝ Բենիամինովո (Լեհաստան): Լեհաստանում Բենիամինովոն միակը չէր, ուր Սովետական ռազմագերիներ կային. Բենիամինովոյից նրանց տեղափոխել էին Դեմբլին, Դեմբլինից էլ՝ Պուլավի:
Ինչ-որ մեկի մատնությամբ Բորիսովոյի ճամբարի հրամանատարությանը հայտնի է դառնում հրեա ռազմագերու մասին, չնայած որ գերությունից ի վեր Հարություն Խաչատրյանի առաջարկությամբ Իոսիֆ Կոգանին հայերի շրջանում էին պահում և կոչում էին Միքայել Մարկոսյան (Միշա Մարկոսյան):
Իր «Անհայտ կորած մարդիկ» խորագրով գրքում լրագրող Միքայել Հակոբյանն այս կապակցությամբ պատմում է մի դրվագ, երբ հայ ռազմագերի (հետագայում Ֆրանսիայի առաջին սովետական պարտիզանական զորագնդի հրամանատար) Ալեքսանդր Ղազարյանին նացիստները կանչել էին Բորիսովոյի ճամբարի շտաբ ու որպես թարգմանիչ նաև բերել Մարկոսյանին (Կոգանին) և հարցաքննել Ալեքսանդրին, կարծելով թե նա հրեա է:  Այնուհետև հային բաց են թողնում, որին էլ հետևում է Մարկոսյանը:

Ավելի ուշ իր նամակում Կոգանը գրում է. «Պուլավի քաղաքի համակենտրոնացման ճամբարում կոնկրետ իմ ազգային պատկանելիության հետ կապված անհայտ մեկը նացիստներին տեղեկություններ էր հաղորդել, ու գերմանացիները բժշկական հանձնաժողով ձևավորեցին՝ իմ ազգային պատկանելիությունն որոշելու համար: Մահն անխուսափելի էր ու ամենապատասխանատու պահին, մինչ նացիստ բժիշկների դատին ներկայանալն, այս հանձնաժողովի միակ ոչ գերմանացի բժիշկ Խաչատրյանն իր սեփական կյանքի գնով դուրս եկավ սենյակից ու միջանցքում ինձ կանգնեցրեց՝ թույլ չտալով ներկայանալ ու հայտնելով, որ իրեն մատնել են»:

Հայ ռազմագերիների ջանքերով, որոնք 1942թ.-ին Բենիամինովոյի ճամբարում ընդհատակյա կարգով հիմնել էին Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական կազմակերպությունը, 1943թ.-ին Կոգանին կարողանում են թաքցնել և նույն գիշերը կազմակերպում նրա փախուստը:
Ավելի քան  17 տարի անց փոխգնդապետ Ալեքսանդր Ղազարյանի նամակից նա իմանում է, որ կրկին մատնության պատճառով նրա փախուստը կազմակերպած հայորդիները ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի հատուկ բանտախցում են հայտնվում:
 

Հ.Ը.Հ.Կ.- ի հիմնադիր անդամներից մեկը Վահան Վարդանյանն իր հուշերում շատ մանրամասն է ներկայացնում Կոգանի փախուստը. «Բժշկական հանձնաժողովից առաջ մեր կազմակերպության գումարած ժողովի ժամանակ որոշեցինք կազմակերպել նրա փախուստը: Նրան զենք ու փամփուշտներ տվեցինք:  Նա կարողացավ ցատկել պատի վրայով ու փախչել: Հաջորդ օրը գերմանացիներին ամեն ինչ հայտնի դարձավ՝ հավանաբար ինչ-որ մեկի մատնության պատճառով: Ստեփան Յագջյանին արդարացրեցին,  իսկ մեզ՝ տաս հոգու սկսեցին դատել որպես գերմանացի զինվորականների: Մենք համարվում էինք Վերմախտի զինվորներ:  Տարբեր տարիների ազատազրկման դատապարտեցին, արդեն մոռացել եմ: Կարապետյանին առաջարկում էին գնդակահարել, իբր պարտիզանների հետ ունեցած կապի համար»: 
Բժիշկ Հարություն Խաչատրյանն իր մահկանացուն կնքեց  1985թ-ի նոյեմբերի 23-ին, 70 տարեկան հասակում: Ինչ վերաբերում է Իոսիֆ Կոգանին, ապա Խաչատրյանի մահվանից հետո նրա ընտանիքի կապը Կոգանի հետ կտրվել է:

http://www.raoulwallenberg.net/news/wallenberg-foundation-bestows-wallenberg-medal-to-an-armenian-rescuer/






BACK