ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ստամբուլում Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպումը «կարող է լավ արդյունքների հանգեցնել», և ակնարկել է, որ ինքն էլ կարող է ներկա լինել բանակցություններին։
Եվրոպացի առաջնորդները հայտարարել են, որ Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադար հաստատել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ «վերջնագրերի լեզուն» անընդունելի է Ռուսաստանի համար։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ մայիսի 12-ից Ռուսաստանից հրադադար է ակնկալում և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին։
Զելենսկու հայտարարությանը նախորդել էր Թրամփի պահանջը, որ Կիևն անհապաղ համաձայնի Ռուսաստանի հետ բանակցություններին։ «Համենայնդեպս, կկարողանան որոշել՝ արդյոք գործարքը հնարավոր է, իսկ եթե ոչ, եվրոպացի առաջնորդներն ու ԱՄՆ-ն կիմանան, թե ինչպիսի իրավիճակ է և կգործեն համապատասխանաբար»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Պուտինը մերժել էր Կիևի և նրա արևմտյան դաշնակիցների՝ նոր, անվերապահ 30-օրյա հրադադար հայտարարելու պահանջը, որը Զելենսկին և նրա գործընկերները պնդել են որպես բանակցությունների պայման: Փոխարենը՝ Պուտինը Կիևին առաջարկել է ուղիղ բանակցություններ Ստամբուլում՝ մայիսի 15-ին: