Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մարկո Ռուբիոն և ամերիկացի այլ պաշտոնյաներ կմեկնեն Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական հարցով նախատեսված բանակցությունների համար։ «Կարծում եմ՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի 15-ին, հուսով եմ՝ լավ արդյունք կունենանք»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Թուրքիայում Պուտինի հետ բանակցելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի նախագահը մեկնի Ստամբուլ: ԱՄՆ Նախագահը հավատացրել է՝ խիտ օրակարգը չի խանգարի իրեն հանդիպել Կրեմլի ղեկավարի հետ և այդպիսով «փրկել կյանքեր»:
Վոլոդիմիր Զելենսկին ևս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինին և կբանակցի միայն նրա հետ: Ուկրաինայի նախագահն ընդգծել է Կիև-Մոսկվա ուղիղ բանակցությունների կարևորությունը: Նա նշել է, որ ցանկանում է Պուտինի հետ քննարկել երկու հարց՝ հրադադարը և գերիների փոխանակումը: «Ոչ ոք չգիտի՝ որքան կտևի պատերազմը, բայց ոչ տասը տարի։ Ուկրաինան չի դիմանա… Պատերազմը շատ թանկ է բոլորի՝ և՛ մեր ընկերների, և՛ թշնամիների համար»,- ընդգծել է նախագահը։
Թե ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը, դեռ հայտնի չէ, շրջանառվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունը: Այնուհանդերձ, Մոսկվայից տեղեկացրել են, որ Կրեմլի ներկայացուցիչները վաղը կլինեն Թուրքիայում և կսպասեն Կիևի թիմին:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: