Այսօր մենք, կրտսեր Քոչարյանի պահվածքը տեսնելով, հասկացանք, որ եթե հանկարծ ավագ Քոչարյանը լիներ այստեղ, նույն բանն էր կատարվելու: Այդ մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Իշխող խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ վերջին մի քանի օրերի՝ խորհրդարանական քննարկումների հիմնական պատճառն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման «թափանիվը» անշրջելիորեն առաջ է գնում:
«Թույլ չենք տալու անկաշկանդ որոճալ ձեր թալանածը, ձեր երազանքը չի իրականանալու: Հենց դրա համար, կորցնելով նաև վերջին հույսը ՍԴ-ում, տեսնելով, որ արդեն դատարաններ են մտնում կոնկրետ հայցադիմումներ, հասկանալով, որ գնացքն արդեն գնում է, այս մարդիկ իրենց քարոզչական և ոչ միայն քարոզչական մարտագլխիկներին ուղարկում են այստեղ՝ ակտիվանալու և վերջին մարտը մղելու:
Բայց ես նորից եմ ասում՝ այս պրոցեսն անդառնալի է, այս պրոցեսը շարունակվելու է, և ժողովրդից թալանածն ամբողջությամբ վերադառնալու է»,- ասաց նա, ապա ամփոփելով ելույթը՝ հայտարարեց, որ ՀՀ-ում ժողովրդավարության գործընթացը լինելու է անշրջելի, և որ «դիվահար նոպաները» որևէ հետևանք ու նշանակություն չեն ունենալու:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթի շրջանակում իշխանությանն ուղղված մեղադրանքներին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը: Արշակյանը պահանջեց տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում` պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից»:Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց: