Անկարայում Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությանն ուղարկում է Ստամբուլ, այն կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:
Նա հավելել է, որ ինքը, Անվտանգության ծառայության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Ստամբուլում անելիք չունեն, քանի որ Վլադիմիր Պուտինը չի եկել բանակցություններին։
«Հարգելով Դոնալդ Թրամփին և Ռեջեփ Էրդողանին, ցանկություն ունենալով առաջին քայլերն անել ապաէսկալացիայի ուղղությամբ՝ Ուկրաինան պատվիրակություն է ուղարկում Ստամբուլ: Սակայն կարծում եմ՝ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում այս հանդիպումներին և չի ցանկանում դադարեցնել պատերազմը»,- մանրամասնել է Զելենսկին:
Նա մեղադրել է Մոսկվային անհարգալից վերաբերմունքի համար, այդ թվում՝ Վաշինգտոնի և Անկարայի հանդեպ, և տեղեկացրել, որ ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում կլինի նաև մայիսի 16-ին, հանդիպումներ կանցկացվեն ամերիկյան, թուրքական և անպայման ռուսական կողմերի հետ։
Անդրադառնալով բանակցությունների հնարավոր օրակարգին՝ Զելենսկին շեշտել է՝ Կիևի հիմնական նպատակը հրադադարն է։
«Իսկ տարածքների հարցը չենք կարող քննարկել: Ես Սահմանադրության երաշխավորն եմ։ Ղրիմը Ուկրաինա է։ Մենք իրավաբանորեն չենք ճանաչի ժամանակավորապես օկուպացված տարածքները որպես ռուսական»,- հավելել է Զելենսկին։