Չորս զոհված պատանդի մարմինները, որոնք ՀԱՄԱՍ-ը հանձնել է Կարմիր խաչին որպես զինադադարի մաս, տեղափոխել են Իսրայելի տարածք։ Նրանց թվում են 10 ամսական և 4 տարեկան եղբայրները, նրանց 32-ամյա մայրը և 83-ամյա ակտիվիստ Օդեդ Լիֆշիցը։
Յաֆֆայում Իսրայելը կանցկացնի մարմինների նույնականացում, գործընթացը կարող է տևել մինչև 48 ժամ:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ներում է խնդրել. «Իսրայել պետության անունից գլուխս խոնարհում եմ և ներում հայցում: Ներողություն, որ չպաշտպանեցի ձեզ այդ սարսափելի օրը, որ չկարողացա ձեզ ողջ-առողջ տուն վերադարձնել»,- գրել է նա X-ի իր էջում։
ՀԱՄԱՍ-ը Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ է զոհվածների մարմիններ հանձնում: Մինչ աճյունները Կարմիր խաչին հանձնելը խմբավորումը հայտարարություն է տարածել՝ կրկին նշելով, որ պատանդները զոհվել են Իսրայելի ավիահարվածից։ Խմբավորումը պնդում է, որ արել է «ամեն ինչ՝ պատանդներին պաշտպանելու և նրանց կյանքը պահպանելու համար»։
Իսրայելը չի հաստատել այս պնդումները։ Առողջապահության նախարար Ուրիել Բուսոն, ասել է, որ հնարավորության դեպքում դիակների նույնականացման գործընթացում կփորձեն պարզել նաև զոհերի մահվան պատճառը՝ գրում է Times of Israel-ը: