Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները նման են: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությանը, թե հաղորդակցությունների բացման հարցում միայն Թեհրանն է կիսում Երևանի մոտեցումը:
«Դա հաստատվել է հունվարի 17-ին ՌԴ և ԻԻՀ ղեկավարների կողմից Մոսկվայում ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում: Դրանում ասվում է, որ կողմերը նպաստում են հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության միջոցառումներին, համագործակցում են՝ երրորդ ուժերի ապակայունացնող միջամտությունը կանխելու համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովայի խոսքով՝ միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը հանդիսանում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մաս: Նա նշել է, որ խումբը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ, այդ թվում ապաշրջափակման հիմնարար սկզբունքի մշակման հարցում, որն է պետությունների ինքնիշխանության և իրավասության պահպանումը իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ:
Զախարովայի խոսքով՝ այդ պայմանին համաձայնել են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, թե «խմբի աշխատանքը սառեցվել է Հայաստանի դիրքորոշման պատճառով»: