Երևանում ավարտվել է ՆԱՏՕ-ի ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը

Երևանում ավարտվել է ՆԱՏՕ-ի ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը

Երևանում սեպտեմբերի 23-ին շարունակվել է ՆԱՏՕ-ի ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Օրակարգում «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման է:

«Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը ՀՀ-ում և ոչ միայն» թեմայի շրջանակում բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման մեխանիզմներին ու առկա մարտահրավերների հաղթահարմանը:

«Հայաստանը ժողովրդավարական լուրջ առաջընթաց է արձանագրել վերջին տարիներին, բայց երկիրը դեռ զգալի ներքին ու արտաքին դժվարությունների առջև է կանգնած, որոնք փորձության են ենթարկում երկրի դիմակայունությունը»,-նշել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործողությունների բաժնի փոխտնօրեն Անտյե Ֆրիցը: Նրա խոսքով ներպետական ու միջազգային շահագրգիռ կողմերը պետք է ապահովեն, որ հետընթաց չլինի բարեփոխման կարևորագույն ոլորտներում:

«Տեսնում ենք, որ մեր հայ գործընկերներն առանց ջանք ու եռանդ խնայելու աշխատում են բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Անտյե Ֆրիցը և հավելել, որ դրա համար ժամանակ կպահանջվի, և այդ փաստը պետք է ընդունեն ոչ միայն միջազգային գործընկերները, այլև՝ տեղացի շահագրգիռ կողմերը:

Խոսելով ժողովրդավարական դիմակայունության մասին՝ Անտյե Ֆրիցը նշել է, որ այն կարևոր է՝ կանխելու համար տարածաշրջանային անկայունությունը: Դիմակայուն ժողովրդավարություններն ավելի լավ կարող են հաղթահարել գլոբալ բարդ մարտահրավերները:

«Ժողովրդավարական դիմակայունության անկումը կարող է ոգևորել ավտորիտար պետություններին: Երբ ժողովրդավարությունը նահանջում է, պետությունը դառնում է խոցելի»,- ասել է բանախոսը՝ ավելացնելով, որ ժողովրդավարական բարեփոխումներն անվտանգության և պաշտպանության ոլորտներում ռազմավարական անհրաժեշտություն են:

Երևանում ավարտվել է ՆԱՏՕ-ի ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում սկսվեց ժողովրդավարական ինստիտուտների վերականգնման գործընթացը: Բայց մեր երկրում ժողովրդավարական զարգացումներն առնչվեցին մի շարք մարտահրավերների՝ քովիդի համաճարակ և 44-օրյա պատերազմ»,- ընդգծել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և հավելել, որ նոր ձևավորվող ժողովրդավարության համար դժվար է եղել ունենալ այդպիսի մարտահրավերներ:

Անդրադառանալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ զեկուցողը կարծիք է հայտնել, որ ժողովրդավարական արժեքների և իրավունքի գերակայության վրա հիմնված խաղաղությունը միայն կարող է լինել երկարատև: Բանախոսը կարևորել է անվտանգային մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների հզորացումը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, ոստիկանության հետ հարաբերություններում և քրեակատարողական հիմնարկներում:

Արթուր Սաքունցն անդրադարձել է մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը, խոսել տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:

Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումներին է անդրադարձել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր և նախագահ Էդգար Խաչատրյանը: Ըստ զեկուցողի՝ այդ բարեփոխումներն առանցքային են Հայաստանի ժողովրդավարության դիմակայունության համար: Այսօր երկիրը վերափոխում է անվտանգության կառույցներն աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների ու ներքին վերափոխման պայմաններում: Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումները պետք է լինեն թափանցիկ, հաշվետու և ներառական, որ ամրապնդեն ժողովրդավարությունն ու քաղաքացիների վստահությունը և խթանեն դիմակայունությունը՝ պահպանելով ժողովրդավարական նորմերը: Էդգար Խաչատրյանը ներկայացրել է մշակված ճանապարհային քարտեզը, մատնանշել անվտանգության ոլորտի մարտահրավերները՝ դրանց թվում նշելով սովետական ժառանգությունը և հնացած հայեցակարգերը, պահպանվող տարածաշրջանային լարվածությունը, աշխարհաքաղաքական կախվածությունը, հիբրիդային ճնշումները, ապատեղեկատվական արշավները, հատվածականությունը, հանրային անվստահությունը, թույլ վերահսկողությունը, ինստիտուցիոնալ դիմադրությունը և այլն: Այս համատեքստում ներկայացվել են 7 ռազմավարական հիմնասյուներով նախատեսված քայլերը:

Մինչ ՀՀ-ում և տարածաշրջանում անվտանգային և հիբրիդային սպառնալիքներին վերաբերող թեմայի քննարկումը՝ ելույթ է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, խոսել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և դրան հաջորդող գործընթացների, մի շարք ոլորտներում հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցության մասին: «ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը»,- նշել է դեսպանն ու այդ համատեքստում խոսել կոնկրետ քայլերի մասին:

Քրիստինա Քվինի գնահատմամբ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու կարիք ունեն և որքան արագ ավարտական տեսքի բերվի խաղաղությունը, այնքան ավելի արագ դրա օգուտները կնյութականանան:

Դեսպանը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը, նշել, որ շարունակական առաջընթացը և հարաբերությունների կարգավորումը նշանակալի օգուտներ կբերեն ե՛ւ երկու երկրներին, ե՛ւ ամբողջ տարածաշրջանին:

Անվտանգային և հիբրիդային սպառնալիքների, տնտեսական ճնշումների, մարտահրավերների մասին է խոսել «Նոր Արևելյան Եվրոպա» ամսագրի գլխավոր խմբագիր Ադամ Ռայխարդտը, փաստել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի, նաև՝ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար: Նրա խոսքով Հայաստանը սկսել է հիբրիդ գրոհներին լուրջ վերաբերվել, 2024-2026 թթ. ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն է որդեգրել: «Երբ հասարակությունն ավելի տոկուն ու դիմակայուն է դառնում, ավելի դժվար է լինում օգտվել հիբրիդ մարտավարությունից»,- ընդգծել է Ադամ Ռայխարդտն ու հավելել. «ՆԱՏՕ-ն ուզում է, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան, տոկուն և բաց մնան եվրատլանտյան համագործակցության առջև»:

Ելույթ է ունեցել նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը: Նա ներկայացրել է Հայաստանի սպառնալիքների մասով իր դիտարկումները: Զեկուցողի խոսքով վերջին հինգ տարիներին մեր երկիրը դիմակայել է ՀՀ պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերների ու վտանգների:

«2026 թվականը լինելու է բարձր ռիսկայնության տարի Հայաստանի հիբրիդային սպառնալիքների առումով և այս կապակցությամբ առանցքային է միջազգային հանրության և մեր ռազմավարական գործընկերների ուշադրությունը, քանի որ Եվրոպայի անվտանգությունը նաև սկսվում է այստեղից»,- ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը:

Սեմինարի վերջին մասում մասնակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում առկա տնտեսական մարտահրավերների ու համագործակցության վերաբերյալ: Անդրադարձ է եղել տարածաշրջանում տնտեսական աճի միտումներին ու զարգացման հիմնական խոչընդոտներին, այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու տարածաշրջանի երկրների փոխկապակցված համագործակցությունը: Ընդգծվել է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման առանցքային նշանակությունը և այս հարցում ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:

Սեմինարի ավարտին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Ագնես Վադայը կարևորել է երկօրյա քննարկումները: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ը ողջունում և սատարում է Հայաստանի՝ ժողովրդավարությունն ամրապնդելուն ուղղված ջանքերը և կարևորում ավելի խաղաղ տարածաշրջան ունենալու ձգտումները:

Երկօրյա սեմինարին մասնակցել են կազմակերպության անդամ և ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային և տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Սեմինարն անցկացվել է ՆԱՏՕ ԽՎ-ի տնտեսության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47