Իմ երախտագիտությունն եմ հայտնում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովի անդամներին. վարչապետ

Armenian Prime Minister named 2026 Zayed Award for Human Fraternity honouree

Իմ երախտագիտությունն եմ հայտնում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովի անդամներին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը գնահատելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։

Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։ Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ «Այս նշանավորումը ցույց է տալիս հենց համաձայնագրի կարևորությունը՝ որպես դրական քայլ դեպի խաղաղություն, հաշտեցում և տարածաշրջանային կայունություն։ «Զայեդի» մրցանակը նշանավորում է այս նախաձեռնությունը, որպեսզի խրախուսի և ոգեշնչի աշխարհի առաջնորդներին ձգտելու երկարատև խաղաղության։ Մենք վստահ ենք, որ ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և ամբողջ աշխարհի»,– նշել է Մուհամմադ Աբդելսալամը՝ ավելացնելով, որ այս տարի մրցանակի հավակնորդների թվում է եղել 350 մարդ՝ ավելի քան 90 երկրից։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնաժողովի անդամներին գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու «Զայեդի» անվան մրցանակին։ Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով ներդրված ջանքերը գնահատելու համար։ «Իհարկե, դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում, և բնականաբար Հայաստանից դուրս։ Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է։ Այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, Կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատար ածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս ողջ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրերին և նշել, որ այսպիսով նրանք իրենց չափազանց կարևոր ներդրումն են բերում խաղաղության գործընթացին և այն ավելի ինստիտուցիոնալ դարձնելուն։

Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։

Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։

Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի՝ 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։

Նախորդ մրցանակակիրների թվում են Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ՝ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, աշխարհահռչակ սրտաբան, պրոֆեսոր Սըր Մագդի Յակուբը, չիլիական հասարակական գործիչ, քույր Նելի Լեոն Կոռեան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և երիտասարդ գիտնական Հեման Բեքելեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մրցանակի՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47