Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմիի խոսքով՝ եվրոպական երկրները պետք է ոչ միայն սառեցնեն ռուսական ակտիվները, այլև բռնագանձեն դրանք։ «Իհարկե, Եվրոպան պետք է արագ գործի, և ես կարծում եմ, որ մենք պետք է ակտիվների սառեցումից անցնենք դրանց բռնագանձման»,- ասել է նա Բրիտանիայի խորհրդարանում:
Լեմին ընդգծել է, որ ոչ մի կառավարություն չի կարող միայնակ գործել այս հարցում։ «Մենք պետք է գործենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ միասին»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ այս հարցն արդեն քննարկվել է G7 երկրների և մյուս միջազգային դաշնակիցների հետ։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բրյուսելը դիտարկում է երեք տարի առաջ արգելափակված ռուսական ակտիվների առգրավման հնարավորությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցեցին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ՝ առանց Կիևի և ԵՄ-ի մասնակցության:
Ըստ Politico-ի՝ «Այդ ակտիվների առգրավումը արմատական տարբերակ է, որը գրեթե անկասկած Եվրոպային կերաշխավորի ավելի մեծ տեղ բանակցային սեղանի շուրջ»: Այս տարբերակին աջակցում են Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրները, Լեհաստանը, Չեխիան, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, դեմ են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Որոշ գնահատականներով՝ ամբողջ աշխարհում սառեցվել են մոտ 260 մլրդ եվրո ռուսական ակտիվներ, որոնց մեծ մասը՝ մոտ 210 մլրդ եվրոն, գտնվում է Եվրամիությունում, մոտ 5 մլրդ դոլարը՝ ԱՄՆ-ում։