Skip to content

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում:

«Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված ներուժ՝ համաշխարհային զինաթափման և անվտանգային նպատակների առաջմղման գործում։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։ Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) առանձնահատկությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս համատեքստում մենք նաև դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Մենք հետևել ենք վերջինիս դրույթներին և բարեխղճորեն կատարել մեր պարտավորությունները։ Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով ռեժիմն անկամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին՝ թաքցնել իրենց ապօրինությունները: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։

Տիկնայք և պարոնայք,

Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունը՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը, լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ լինի բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներին։

Ավելին՝ ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը համատեղ ջանքեր պահանջող աշխատանք է, որը ծառայում է բոլորի ընդհանուր շահերին և պահանջում է շարունակական նվիրում ու անկեղծ վճռականություն։ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Շնորհակալություն,- ասված է ելույթում:

ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Երեք հիմնական առաջնահերթություն՝ իրականացված 101 միջոցառում. քննարկում վարչապետի գլխավորությամբ

Կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը, 300 դպրոց ծրագրով շահագործման է հանձնվել 44 դպրոց, կամավոր ատեստավորման համակարգի շահառու է ուսուցիչների 20 տոկոսը, թվերը ներկայացրել

Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ֆինանսական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր

Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ֆինանսական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած