Երկուշաբթի ուժի մեջ է մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանված՝ 12 պետության քաղաքացիների համար Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելքը, հայտնում է Euronews-ը։
Այդ երկրների թվում են Աֆղանստանը, Մյանմարը, Չադը, Կոնգոյի Հանրապետությունը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ Մասնակի սահմանափակումներ են կիրառվելու Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար։
Թրամփը չորեքշաբթի զգուշացրել էր, որ ցուցակում կարող են հայտնվել նոր երկրներ, քանի որ «սպառնալիքներն առաջանում են ամբողջ աշխարհում»։
Միաժամանակ նախկինում տրված վիզաներով քաղաքացիները կկարողանան մուտք գործել Միացյալ Նահանգներ նույնիսկ արգելքն ուժի մեջ մտնելուց հետո։
Արգելքը սկսել է գործել ավելի քան ութ տարի անց այն բանից հետո, երբ Թրամփը 2017 թվականին առաջին անգամ արգելափակել էր գերազանցապես մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ, ինչը քաոս էր առաջացրել բազմաթիվ օդանավակայաններում և հանգեցրել ամիսներ տևած դատավարությունների։
Որոշումը կայացվել է Լոս Անջելեսում անօրինական միգրանտների արտաքսման դեմ լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին՝ նշել է լրատվականը։