Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույց: Ըստ այդմ՝ այսօր Կառավարությունում ներկայացվում է նախագիծ, որը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը:
Ըստ փոխվարչապետի՝ զեկույցը ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ:
«Զեկույցում ներառված են նաև 2024 թվականի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև միջազգային հեղինակավար մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք ևս ի ցույց են դնում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ավանդաբար, տարեկան զեկույցը քննարկվում է ԱԺ-ում, ապա մի քանի անդրադարձ արեց Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումներից: Ըստ այդմ՝ 2024 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքների մասին վիճակագրության համաձայն՝ 5,9 տոկոս ՀՆԱ-ի իրական աճ է ապահովվել:
Վարչապետը հիշեցրեց՝ 2021-ի խորհրդարանական ընտրություններին սահմանված նպատակադրումը միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է եղել:
«2021 թվականին ապահովվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12,6 տոկոս, 2023-ին՝ 8,3 տոկոս, հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճը, ապահովված է»,- ասաց նա: