ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետին: Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության համար:
«Շնորհակալություն, որ փոխել եք Ուկրաինայի շուրջ խոսույթը, որպեսզի հնարավորություն լինի խաղաղության համաձայնագիր կնքել: Մենք ցանկանում ենք աշխատել Ձեզ հետ, որպեսզի համոզվենք, որ խաղաղության համաձայնագիրը կլինի ամուր և երկարատև»,- ասել է Սթարմերը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագիրը կդառնա «պատմական» և հավելել, որ այն չպետք է որևէ մեկի կողմից խախտվի:
Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին է փոխանցել Չառլզ III-ի նամակը, որով թագավորը ԱՄՆ նախագահին հրավիրել է Մեծ Բրիտանիա՝ պետական այցի:
Անդրադարձ է եղել նաև Գազայի հատվածում իրավիճակին: «Իրավիճակը ծանր է, բայց մենք պատրաստվում ենք այն շատ ավելի լավը դարձնել։ Կարծում եմ, որ մենք հսկայական ազդեցություն ենք ունեցել Գազայի և Մերձավոր Արևելքի վրա, և մենք բավականին լավ բանակցություններ ենք վարում շատ այլ մարդկանց հետ, որոնք կօգնեն բարելավել իրավիճակը»,- ասել է Թրամփը: