Խառնածին սպառնալիքները նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտները, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը

Hybrid threats aim not only to weaken state institutions, but also to undermine democratic way of life, Mirzoyan at OSCE

Խառնածին սպառնալիքները նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտները, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը. Միրզոյանի ելույթը

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը:

Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:

Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից պետությունների գործընկերների հետ:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը: Ամբողջական ելույթը ներկայացված է ստորև:

«Հարգելի՛ նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թույլ տվեք արտահայտել մեր երախտագիտությունը Ֆինլանդիայի նախագահությանը՝ նախարարական խորհրդի այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ավստրիացի գործընկերներին նրանց ավանդական լավ հյուրընկալության համար։

Հիսուն տարի առաջ՝ գաղափարական հակադրության, փոխադարձ վստահության պակասի, թյուրըմբռնումների և աշխարհաքաղաքական տարաձայնությունների պայմաններում, Հելսինկյան եզրափակիչ ակտը կարողացավ միավորել պետություններին ընդհանուր սկզբունքների շուրջ՝ նվազեցնելով նոր համաշխարհային պատերազմի և հակամարտության վտանգները։

Իհարկե, մեր աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո։ Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքները շարունակում են միտված լինել կիրառելի և կենսունակ միջազգային շրջանակի ապահովմանը։ Այսօր՝ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում, պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներն ավելի քան երբևէ արդիական են:

Ձերդ գերազանցություններ,

Նախարարական խորհրդի 31-րդ հանդիպման ընթացքում իմ վերջին ելույթից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ։ Որպես ամենանշանակալին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները, վերջինիս՝ որպես վկա, ստորագրեցին Հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն և պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում։ Հայաստանը և Ադրբեջանը նաև նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նույն Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ընթացքում մենք համաձայնեցինք համատեղ դիմել ԵԱՀԿ գործող նախագահին՝ առաջարկելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցները, ինչը պաշտոնապես նշանավորեց հակամարտության ավարտը։

Վաշինգտոնի հանդիպումը նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար՝ ապահովելով ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։ Ընդլայնված փոխկապակցվածությունը՝ ներառյալ «ԹՐԻՓ ուղու» իրագործումը, միտված է Հարավային Կովկասն արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն՝ կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն տնտեսական բարգավաճմանն, այլև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը։

Այս համատեքստում մենք ողջունում ենք Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ տարանցիկ սահմանափակումները վերացնելու վերաբերյալ վերջին հայտարարությունը։ Որպես անմիջական և գործնական արդյունք՝ հացահատիկի առաջին բեռներն արդեն Հայաստան են հասել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծային երթուղու միջոցով։ Իր հերթին Հայաստանը հայտարարել է Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների տարանցումն ապահովելու պատրաստակամության մասին։

Իմ ներկայացրած շղթայում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Ձերդ գերազանցություններ,

Այսօր ժողովրդավարությունները բախվում են արագ վերափոխվող մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք փորձության են ենթարկում ժողովրդավարության դիմակայունությունը՝ թե՛ ներսից և թե՛ դրսից: Խառնածին սպառնալիքներն, այդ թվում՝ ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումներն, արտաքին միջամտությունն ու մանիպուլյացիան, ինչպես նաև խոցելիության գործիքավորումը, նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտներն, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը՝ քայքայելով հանրային վստահությունը և բևեռացնելով հասարակությունները։

Մինչ Հայաստանը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մենք բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքի հետ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում՝ համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների և ԵԱՀԿ մեր պարտավորությունների։

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆինլանդիային՝ արդյունավետ նախագահության համար և հաջողություն մաղթել Շվեյցարիային՝ իր առաջիկա նախագահության շրջանակներում:

Շնորհակալ եմ»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։