Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան

Մենք դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում:

«Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված ներուժ՝ համաշխարհային զինաթափման և անվտանգային նպատակների առաջմղման գործում։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։ Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) առանձնահատկությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս համատեքստում մենք նաև դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Մենք հետևել ենք վերջինիս դրույթներին և բարեխղճորեն կատարել մեր պարտավորությունները։ Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով ռեժիմն անկամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին՝ թաքցնել իրենց ապօրինությունները: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։

Տիկնայք և պարոնայք,

Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունը՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը, լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ լինի բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներին։

Ավելին՝ ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը համատեղ ջանքեր պահանջող աշխատանք է, որը ծառայում է բոլորի ընդհանուր շահերին և պահանջում է շարունակական նվիրում ու անկեղծ վճռականություն։ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Շնորհակալություն,- ասված է ելույթում:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ և ենթակա ծառայությունների բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները

Փետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար

Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ

Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ

Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Իսլանդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին. Թորգերդուր

Իսլանդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին. Թորգերդուր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ արդյունավետ քննարկում ունեցա երկկողմ հարաբերությունների, եվրոպական համագործակցության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների պահպանման կարևորության վերաբերյալ: Այդ մասին