Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ։ Ինչպես հաղորդում է DW-ն, բացի ուկրաինացի առաջնորդից ու Ջեյ Դի Վենսից, բանակցություններին ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի գծով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Վենսը Զելենսկու հետ զրույցից հետո հայտարարել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ցանկության մասին։
«Մենք ցանկանում ենք հասնել ամուր և տևական խաղաղության, ոչ թե այնպիսի խաղաղության, որը մի քանի տարի հետո Արևելյան Եվրոպայում նոր հակամարտության կհանգեցնի»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Ուկրաինայի նախագահն իր կողմից հերթական անգամ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և Դոնալդ Թրամփին՝ իր երկրին ցուցաբերված աջակցության համար։
«Մենք պետք է ավելի շատ խոսենք, ավելի շատ աշխատենք և ծրագիր նախապատրաստենք՝ ինչպես կանգնեցնել Պուտինին և դադարեցնել պատերազմը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ուկրաինային պետք են անվտանգության իրական երաշխիքներ։