Ուկրաինան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ զարգացման վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ, այս մասին BBC-ին հայտնել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը։
Երեքշաբթի երեկոյան ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները (մասնավորապես՝ Financial Times-ը, Reuters-ը, Bloomberg-ը և AFP-ն) հայտնել են, որ Կիևը համաձայնել է ստորագրել բնական պաշարների, այդ թվում՝ նավթի և գազի մշակման մասին փաստաթղթի նոր տարբերակը։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան AFP-ին ասել է, որ ստորագրումը կարող է տեղի ունենալ ուրբաթ: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ծրագրել է այդ օրն այցելել ԱՄՆ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վաշինգտոնը փաստաթղթից հանել է Կիևի առարկությանն արժանացած որոշ դրույթներ։ Մասնավորապես, համաձայնագրի նոր տարբերակում չկան Ուկրաինայի պարտավորությունները՝ ստեղծվող ներդրումային հիմնադրամին 500 մլրդ դոլար ուղարկելու վերաբերյալ: Կողմերը համաձայնել են նաև այդ հիմնադրամի համատեղ սեփականությանը, այն դեպքում, երբ նախորդ տարբերակում այն պատկանելու է միայն ԱՄՆ-ին:
Ուկրաինայի կառավարությունում AFP-ի աղբյուրը նաև ասել է, որ նախագիծը պարունակում է կետ անվտանգության վերաբերյալ, բայց որևէ հիշատակում չկա ԱՄՆ-ի հատուկ պարտավորությունների մասին՝ դա ապահովելու առումով, ինչը Կիևի պահանջներից մեկն էր։
«Կա ընդհանուր կետ, որում ասվում է, որ ԱՄՆ-ն ներդրումներ կկատարի կայուն և բարգավաճ ինքնիշխան Ուկրաինայում, որ Միացյալ Նահանգներն աշխատում է կայուն խաղաղության համար, և աջակցում է անվտանգության ապահովման ջանքերին»,- ասել է գործակալության աղբյուրը: