Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝ Ռուսաստանի վրա հարձակվելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Ուկրաինան ի վերջո դառնա բարեկամ պետություն:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության, իսկ դրան խոչընդոտում է, Պուտինի բնորոշմամբ, «ուկրաինական ռեժիմի գործող ղեկավարը»: ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու կլիներ Վոլոդիմիր Զելենսկու իշխանության պահպանումը, սակայն, Պուտինի խոսքով, ուկրաինական պետականության շահերից է բխում «իշխանության բերել մարդկանց, որոնք վայելում են Ուկրաինայի ժողովրդի վստահությունը»։
Կրեմլի ղեկավարը նաև նշել է, որ Զելենսկին խուսափում է բանակցություններից, քանի որ դրանք կհանգեցնեն ռազմական դրության չեղարկման անհրաժեշտությանը, իսկ դրանից հետո նա ստիպված կլինի ընտրություն անցկացնել:
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նախապատրաստվող համաձայնագրին: Նա նշել է, որ այն ոչ մի կերպ չի վերաբերում Ռուսաստանին։ Դաշնության նախագահը նաև ասել է, որ ռուսական և ամերիկյան ընկերությունները խոշոր տնտեսական նախագծեր են քննարկում ուկրաինական կարգավորման շրջանակներում:
«Այո, մեր որոշ ընկերություններ միմյանց հետ կապի մեջ են և նման նախագծեր են քննարկում»,- նշել է Պուտինը: