88 տարեկանում կյանքից հեռացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Պոնիֆիկոսը մահացել է Վատիկանի Սանտա Մարթա կեցավայրում: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը: Պապի վերջին հրապարակային ելույթը երեկ էր, նա հավատացյալներին դիմել էր Զատկի պատգամով։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետն աղոթել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար:
Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում: Նա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել 2013-ին՝ Բենեդիկտոս 16-րդ պապի հրաժարականից հետո: Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ցավակցություն են հայտնել պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ:
Ֆրանցիսկոսի մարմինը երեք օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել: Նախատեսվում է, որ քահանայապետին կհուղարկավորեն ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, այլ Սանտա Մարիա Մաջիորեում՝ ըստ նրա վերջին կամքի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան: Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։