Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է առաջին զեկույցը

European Commission published first report on Armenia’s progress in implementing Visa Liberalization Action Plan

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ ՀՀ առաջընթացի առաջին զեկույցը

ՆԳՆ-ից հայտնում են, որ 2026 թվականի մայիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին փոխանցել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։

Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025 թվականի նոյեմբերին: Այն նախատեսում է 74 հենանիշի կատարում, որոնք իրականացվում են երկու փուլով․

  • համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում,
  • դրանց գործնական իրականացման և կիրառության ապահովում։

Առաջին զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը առաջին խումբ հենանիշերի կատարման ուղղությամբ՝ կենտրոնանալով բացառապես օրենսդրական և քաղաքականության շրջանակի վրա չորս կարևոր ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Թեև Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակահատված է անցել, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, ինչը բարձր է գնահատվում ԵՄ կողմից։

Զեկույցում մանրամասն ներկայացված են Հայաստանի կողմից չորս հիմնական ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը․

Փաստաթղթերի անվտանգություն

2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր։ Բացի այդ, կնքվել է պետություն-մասնավոր գործընկերություն պայմանագիր՝ ազգային կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի ապագա անձնագրերի և անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։

Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում

Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։

Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք վարչարարական ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարից գործարկվում է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի թվայնացումը։

Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և երրորդ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։

Նկատվում են զարգացումներ սահմանային ուղղորդման մեխանիզմների ամրապնդման, ապաստանի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ուղղությամբ։

Հասարակական կարգ և անվտանգություն

2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին է համապատասխանեցրել հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033 թթ․ ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի մտադրությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՆԳՆ կազմում ձևավորված նոր մասնագիտացված ստորաբաժանմանը՝ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնին, որը բացահայտելու է հանցավորության օրինաչափությունները, կանխատեսելու է հանցագործությունների հավանական ռիսկային գոտիները և դրանց հիման վրա ներկայացնելու է հանցավորության կանխարգելմանն ուղղված առաջարկություններ և ուղղորդող վերլուծություններ։

Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ԳԾ-ն ընդունվելու է 2026 թվականին, և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։

Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև նոր և անկախ անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ է լինելու եվրոպական անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին և լավագույն փորձին։

Հիմնարար իրավունքներ

Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։

Ողջունելով դրական դինամիկան՝ Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշերի արդյունավետ և հետևողական իրականացմամբ։

Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ/ռեկոմենդացիաներ՝ ուղղորդելու Հայաստանին լրացնելու արձանագրված բացերը: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը շեշտում է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ապահովել ընդունված քաղաքականությունների և օրենքների գործնական, հետևողական և արդյունքահեն իրականացումը։

Զեկույցում արտացոլված տվյալներն ընդգծում են Հայաստանի և ԵՄ միջև խորացող կապերը: ՀՀ քաղաքացիներին տրամադրված Շենգենյան վիզաների թիվը կայուն աճ է գրանցել՝ 2019 թվականի 51000-ից 2024 թվականին հասնելով 86300-ի, ընդ որում՝ զգալիորեն ավելացել է բազմակի մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռը (այժմ՝ 43.5%): Ավելին, վիզաների մերժման մակարդակը դրական նվազման միտում է գրանցել, ինչն արտացոլում է ճամփորդող ՀՀ քաղաքացիների նկատմամբ վստահության աճը։

Վիզաների ազատականացման երկխոսությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր հենանիշերի լիարժեք կատարման ապահովման համար։ Հանձնաժողովը կշարունակի հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշերի կատարումը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ, և այդ նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։

ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումներին աջակցելու գործին՝ տրամադրելով հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում։

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի զեկույցի անգլերեն տարբերակը

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,