Հայաստանի համար կենսաբազմազանության պաշտպանությունը նաև անմիջական ազգային նշանակության հարց է. Արարատ Միրզոյան

עבור ארמניה, ההגנה על המגוון הביולוגי היא גם עניין בעל משמעות לאומית ישירה: ארארט מירזויאן

Ներկայացնենք ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ամբողջական ելույթը ՄԱԿ կենսաբազմազանության հարցերով համաժողովի բացման արարողությանը։

«Մեծարգո՛ վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի հարգելի՛ գործադիր քարտուղար,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգարժա՛ն պատվիրակներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման կապակցությամբ։

Մենք հանդիպում ենք միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորքային փոփոխությունների պայմաններում։ Աշխարհաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունը և ազգային առաջնահերթությունների միջև մրցակցությունը գնալով ավելի մեծ ճնշում են գործադրում միջազգային կառույցների և համագործակցության ձևավորված մեխանիզմների վրա։

Այս պայմաններում Միավորված ազգերի կազմակերպությունը, համապատասխան այլ միջազգային կառույցները և բազմակողմանիության սկզբունքները շարունակում են պահպանել իրենց առանցքային նշանակությունը՝ ապահովելով այնպիսի հարթակ, որտեղ պետությունները, անկախ իրենց ռեսուրսներից, կարողություններից կամ քաղաքական տարաձայնություններից, կարող են փոխգործակցել հավասար հիմունքներով, համադրել տարամետ շահերը և համատեղ հետամուտ լինել ընդհանուր նպատակների իրագործմանը։

Արդյունավետ բազմակողմանիությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։ Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս պետությունների ինքնիշխան հավասարությանը, ներառական երկխոսությանը, ինչպես նաև միջազգային կառույցների կարողությանը՝ արձագանքելու իրենց անդամների կարիքներին և առաջնահերթություններին։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան նման համագործակցության կարևոր օրինակ է։ Ավելի քան երեք տասնամյակների ընթացքում արձանագրված ձեռքբերումները վկայում են պետությունների՝ ընդհանուր նպատակներ սահմանելու կարողության մասին՝ ազգային առանձնահատկությունների բազմազանությունը համադրելուն զուգահեռ:

2022 թվականին Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումը կարևոր հավաքական ձեռքբերում էր: Այժմ նպատակն այն է, որ ստանձնված պարտավորությունները զուգորդվեն հետևողական ներգրավվածությամբ և գործնական իրականացմամբ: ՄԱԿ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17-ը), մասնավորապես՝ հավաքական առաջընթացի առաջին Գլոբալ վերանայման միջոցով, հնարավորություն է ընձեռում դիտարկելու, թե ինչպես է միջազգային հանրությունը կատարում այս պատասխանատվությունը: Հայաստանի որոշումը՝ հյուրընկալելու COP17-ը և առավել ևս անցկացնելու Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը, արտացոլում է մեր հանձնառությունն՝ ակտիվորեն նպաստելու այս միջազգային գործընթացներին և ստանձնելու դրանց ուղեկցող պատասխանատվությունը:

Հայաստանի համար կենսաբազմազանության պաշտպանությունը նաև անմիջական ազգային նշանակության հարց է։ Մեր երկրի բազմազան լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր բնական ժառանգության կարևոր մասն են և պահանջում են պատասխանատու պաշտպանություն ու պահպանում: COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է տալիս այս ազգային պատասխանատվությունը կապելու բնության պաշտպանության ու վերականգնման համաշխարհային ջանքերին մեր ներդրման հետ:

Ձե՛րդ Գերազանցություններ,

Մենք մոտեցել ենք այս Համաժողովի նախապատրաստական աշխատանքներին այն գիտակցությամբ, որ նախագահությունը կրում է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ դիվանագիտական պատասխանատվություն: Մենք նախագահությունը չենք դիտարկում որպես ինքնանպատակ, այլ որպես հնարավորություն՝ օգնելու Կողմերին վստահություն կառուցելու, տարբերությունները հարթելու և ընդհանուր օրակարգն առաջ մղելու գործում:

Լիահույս ենք, որ այն երկխոսությունը, որի խթանմանը շարունակելու ենք նպաստել ինչպես Համաժողովի, այնպես էլ առաջիկա երկու տարվա նախագահության ընթացքում, կնպաստի այնպիսի որոշումների ընդունմանը, որոնք հաշվի կառնեն բոլոր Կողմերի շահերը և կնպաստեն մեր ընդհանուր նպատակների առաջմղմանը։ Մենք առաջնորդվելու ենք անկողմնակալության, ներառականության և Կոնվենցիայի միջկառավարական բնույթի նկատմամբ հարգանքի սկզբունքներով։

Գիտակցում ենք, որ նախագահության դերը բանակցությունների ընթացքին նպաստելը և ընդհանուր եզրերը վերհանելն է, մինչդեռ բովանդակային հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը և համապատասխան գործողությունների իրականացումը շարունակում են մնալ Կողմերի հավաքական պատասխանատվությունը։

Ձե՛րդ գերազանցություններ,

Կենսաբազմազանության նշանակությունը միջազգային օրակարգում շատ ավելի լայն է, քան շրջակա միջավայրի պաշտպանությունը. կենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխությունը, պարենային անվտանգությունն ու կայուն զարգացումը սերտորեն փոխկապակցված են։ Մի ոլորտում ընդունված որոշումներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում մյուս ոլորտների վրա՝ ստեղծելով ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ ազգային քաղաքականությունների և միջազգային համագործակցության համար։ Սա պահանջում է առավել սերտ համակարգում այս ոլորտների միջև և ավելի մեծ ուշադրություն մեր ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքում դրանց փոխկապակցվածության նկատմամբ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Անհամբերությամբ ենք սպասում ձեզ հետ փոխադարձ հարգանքի և համագործակցության ոգով աշխատելուն՝ միտված Համաժողովի շրջանակներում շոշափելի արդյունքների հասնելու ընդհանուր նպատակին:

Ամփոփելով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատվիրակություններին և մասնակիցներին՝ Երևան ժամանելու համար, մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և հաճելի կացություն Հայաստանում։

Շնորհակալություն»,- ասված է ելույթում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ארמניה ותוכנית המזון העולמית של האו”ם ירחיבו את שיתוף הפעולה בתחום ניהול אסונות

Հայաստանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում՝ հոկտեմբերի 19-ին, հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը

התובע הכללי קיבל את הבקשה; הנאשם הועבר לרשויות המוסמכות של גרמניה

Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Լ.Չ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում

ארמניה ממצבת את עצמה כמדינה המסוגלת לארגן אירועים בינלאומיים ברמה גבוהה ברמה גבוהה: פאשיניאן ב-COP17

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր. Փաշինյանը՝ COP17-ի մասին

COP17-ի առաջին արդյունքներով, նաև հետահայաց նայելով Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները