ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) հետ գործակցությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին տրամադրում է 20 միլիոն ԱՄՆ դոլար (€17.1  միլիոն եվրո) գումարի չափով վարկային փաթեթ՝ հայ փախստականների և երիտասարդների սեփականությամբ կամ նրանց ղեկավարած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:

Փաթեթը, որը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ, ստորագրվել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կառավարման խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի կողմից Ռիգայում անցկացվող՝ ՎԶԵԲ-ի 2026 թվականի տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում։

10 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկերից մեկը տրամադրվում է EU4Business-EBRD Credit Line (ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ վարկային գիծ) ծրագրի միջոցով և միտված է աջակցելու փախստականների սեփականությամբ և նրանց ղեկավարած ընկերություններին, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք  իրենց աշխատուժում ակտիվորեն ներառում են տեղահանված անձանց: Պահանջներին համապատասխանող վարկառուները կարող են օգտվել ԵՄ-ի ներդրումային դրամաշնորհներից՝ իրենց վարկի մինչև 35 տոկոսի չափով, ինչպես նաև ստանալ անհատականացված խորհրդատվական աջակցություն՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և մարդկային ռեսուրսների ներառական կառավարման գործելակերպը զարգացնելու նպատակով:

Ֆինանսավորման շնորհիվ այս բիզնեսները կարդիականացնեն իրենց տեխնոլոգիաներն ու ծառայությունները` համապատասխանեցնելով դրանք ԵՄ չափանիշներին, բարձրացնելով աշխատավայրում անվտանգության մակարդակը և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Ընդ որում, միջոցների առնվազն 70 տոկոսը կուղղվի կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: ՎԶԵԲ-ԵՄ Տեղական արժույթի ծրագրի ներքո տրամադրվող վարկային գործիքը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հնարավորություն կտա ֆինանսավորում տրամադրել նաև այն ստարտափներին, որոնք գուցե չունեն բավարար կապիտալ, գրավ կամ վարկային պատմություն:

Եվս 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի «Երիտասարդությունը բիզնեսում» ծրագրի շրջանակում, ինչը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հնարավորություն կընձեռի գործարկել հատուկ ծրագիր երիտասարդ ձեռնարկատերերի համար, որոնք դժվարանում են ֆինանսավորում ստանալ վաղ փուլում գտնվող բիզնեսի և սահմանափակ ֆինանսական պատմություն ունենալու պատճառով։

Վարկերի տրամադրմանը զուգընթաց՝ ծրագրի շրջանակում երիտասարդ ձեռնարկատերերը կստանան փորձագիտական խորհրդատվություն, մենթորական աջակցություն և մասնագիտական ցանցերի ձևավորման հնարավորություններ, ինչպես նաև ոչ ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ նրանց օգնելու հաղթահարել առկա մարտահրավերները, ստեղծել նոր աշխատատեղեր և հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը։

Հատուկ մշակված՝ կարողությունների զարգացման ծրագիրը կօգնի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ին հարմարեցնել վարկերի տրամադրման իր գործելակերպը՝ երիտասարդ ձեռնարկատերերին առավել արդյունավետ սպասարկելու նպատակով։ Ծրագրին լրացուցիչ աջակցություն կտրամադրեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող խրախուսական միջոցները, որոնք կապակցված են երիտասարդների համար նախատեսված վարկային առաջարկի հաջող ներդրման հետ։

Վարկը նաև ապահովված է ԵՄ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) ֆինանսական ներառման առաջին վնասի երաշխիքով, որը նախատեսված է աջակցելու գործընկեր բանկերին՝ ընդլայնելու վարկավորման ծավալները՝ միաժամանակ կառավարելով ռիսկերը և առավել արդյունավետ օգտագործելով կապիտալը: Սա ՎԶԵԲ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի միջև «Երիտասարդները բիզնեսում» ծրագրի շրջանակում իրականացվող առաջին գործարքն է:

ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը նշել է. «Այս համաձայնագրերը ՎԶԵԲ-ի, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի և ԵՄ-ի միջև ամուր գործընկերության արդյունք են և արտացոլում են մեր համատեղ հանձնառությունը. տնտեսական աճի օգուտները հասանելի դարձնել նրանց համար, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն՝ Հայաստանում ստեղծելով նոր հնարավորություններ փախստականների և հաջորդ սերնդի ձեռներեցների համար»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ասել է. «Մենք ողջունում ենք ԵՄ-ի կողմից աջակցվող՝ ՎԶԵԲ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի միջև վարկային համաձայնագիրը, որը կնպաստի Հայաստանում ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների համար տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Ռիսկերի բաշխման և համակցված գործիքների միջոցով ԵՄ-ն համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ վերացնելու ֆինանսավորման բացերը, որոնք հաճախ խոչընդոտում են ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն ունեցող բիզնեսների աճին, նորարարություններին և ԵՄ շուկաներ մուտք գործելուն: Ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով մենք աջակցում ենք ձեռնարկատերերի հաջորդ սերնդին, ազատ առևտրին, աշխատատեղերի ստեղծմանը և ԵՄ-ի՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունություն և աճ» ծրագրի նպատակներին»:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի կառավարման խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը նշել է. «Ուրախ ենք այս համաձայնագրերի միջոցով ամրապնդել ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա համագործակցությունը: Համաձայնագրերը մեզ հնարավորություն կտան ավելի արդյունավետ սպասարկել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, այդ թվում՝ երիտասարդ ձեռնարկատերերին և տեղահանված բնակչություն ունեցող համայնքներին աջակցողներին, ինչպես նաև ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է»։

2010 թվականից ի վեր «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկեր։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է ավելի քան 3 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ ավելի քան 245 ծրագրերում, որոնց 86 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

 

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,