Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները. ՀՀ նախագահ

תחרות פוליטית עשויה להיות אינטנסיבית, אבל היא לעולם לא צריכה לחצות גבולות של אזרחיות: נשיא ארמניה
Նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները պետք է դառնան քաղաքական հասունության, առողջ մրցակցության և հանրային վստահության ամրապնդման կարևոր փորձություն՝ զերծ մնալով ատելության խոսքից և հասարակության պառակտումից։
Հանրապետության նախագահի խոսքը նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների և դաշինքների առաջնորդներ, թեկնածուներ, համակիրներ և գաղափարակիցներ,
Մեկնարկում է հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը՝ մի փուլ, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։
Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն․ դրանք մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և պետության հանդեպ պատասխանատվության կարևորագույն չափանիշներից են։
Ժողովրդավարությունը կենսունակ է այնքանով, որքանով հասարակությունը վստահում է սեփական ձայնի ուժին և համոզված է, որ իր կամարտահայտությունը պաշտպանված է, լսելի և ազդեցիկ։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել։ 2018 թվականից հետո մեր երկրում անցկացված ընտրությունները էապես ամրապնդեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ հաստատելով ազատ կամարտահայտության, թափանցիկության և ընտրական արդյունքների լեգիտիմության նոր քաղաքական իրականություն։ Սա մեր պետականության կարևոր ձեռքբերումներից է, որը պահանջում է շարունակական պատասխանատվություն և հետևողական զարգացում։
Այս ընտրական փուլը ևս պետք է դառնա քաղաքական մտքի, գաղափարների և ապագայի վերաբերյալ մրցակցող տեսլականների առողջ ու արժանապատիվ բանավեճի հարթակ։ Հանրային խոսքը, հատկապես քաղաքական պայքարի օրերին, ձևավորում է հասարակական մթնոլորտ, ազդում քաղաքացիների տրամադրությունների, վստահության և համերաշխության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, թեկնածուները և նրանց համակիրները առաջնորդվեն քաղաքական էթիկայի, հանրային պատասխանատվության և պետական մտածողության բարձր գիտակցությամբ։
Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու, այլ գաղափարների, ծրագրերի, սկզբունքների և երկրի զարգացման ուղիների շուրջ։ Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները, որովհետև ժողովրդավարության ուժը ոչ միայն ազատ խոսքի, այլև այդ ազատությունն արժանապատվորեն կրելու կարողության մեջ է։
Մեր պետության հիմքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, իրավունքներով, ազատությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ քաղաքական գործընթացների առանցքում հենց ինքն է՝ ոչ որպես միջոց, այլ որպես բարձրագույն արժեք։ Սա այն սկզբունքն է, որը պետք է ուղեկցի թե՛ քաղաքական պայքարը, թե՛ պետական կառավարման ամբողջ համակարգը։
Միաժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման կառույցները, իրավապահ և վերահսկող հաստատությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և հանրային պետական շահի գերակայությամբ՝ ապահովելով հավասար պայմաններ, օրինականություն և հանրային վստահության շարունակական ամրապնդում։
Համոզված եմ, որ քաղաքական հասունության, հանրային փոխադարձ հարգանքի և քաղաքացիական պատասխանատվության պայմաններում մենք կարող ենք անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք ոչ միայն կարտահայտեն ժողովրդի ազատ կամքը, այլև նոր ուժ կհաղորդեն մեր ժողովրդավարական ինստիտուտներին, պետական կայունությանը և ազգային համերաշխությանը։
Մաղթում եմ, որպեսզի այս ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական մրցակցության, հանրային վստահության և ժողովրդավարական արժեքների վերահաստատման օրինակ՝ հանուն Հայաստանի Հանրապետության ամուր, իրավական և ապագային վստահ նայող պետության»։
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

משרד החוץ הישראלי יגיש החלטה על הכרה רשמית ברצח העם הארמני

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։ Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի

PACE מאמצת החלטה המביעה דאגה רצינית לגבי דיכוי מערכתי של התנגדות באזרבייג’ן

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում

חוזה אזרחי לבחירת מועמד יו”ר האסיפה הלאומית שלה היום, סגני ראש הממשלה והשרים יישארו ללא שינוי בממשלה החדשה

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի

ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ,