«Թրամփի ուղու» երկու ուղղությամբ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նոյեմբերի 6-ին անցել է աշխատանքի՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է երկաթուղիներին և մայրուղիներին, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերին:
Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը գործնականում ավարտել է իր տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ ավտոմոբիլային և երկաթուղային ուղիների շինարարությունը: Աշխատանքը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել հաջորդ տարվա սկզբին։
Վադեֆուլն էլ հայտարարել է, որ Գերմանիան ամեն ինչ անելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
«Ադրբեջանն ու Հայաստանը օգտվել են պատմական հնարավորությունից Վաշինգտոնում, և մենք շնորհակալ ենք երկու երկրներին դրա համար։ Այդ հարցը կլինի Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Ադրբեջանի նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել դրան»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջան այցից հետո Վադեֆուլը կժամանի Հայաստան։

