ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող կասեցնել Հայաստանի անդամակցությունը միությանը, քանի դեռ Հայաստանը այդպիսի ցանկություն չի հայտնել: Լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին:
«Հայաստանի Հանրապետությանը չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրները այդ ցանկությունն ունեն։ Հայաստանը հավասարապես իրավունքներ ունեցող երկիր է ԵԱՏՄ շրջանակներում, և կանոնադրության տակ ստորագրել է ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵԱՏՄ մնացած երկրները։ Հայաստանին հնարավոր է հանել ԵԱՏՄ-ից այն դեպքում, եթե Հայաստանը կունենա այդ ցանկությունը»,- ասել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Հայաստանն ուսումնասիրում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում հնարավոր հետևանքները, այդ թվում գազի գնի բարձրացումը քաղաքացիների համար մեղմելու համար:
«Մենք նաև էներգետիկ դիվերսիֆիկացիայի քաղաքականություն ենք վարում, և հանգիստ եղեք էդ առումով։ Խնդիրները կլուծվեն, ինչպես լուծվեցին, օրինակ, ապրանքների այդ սահմանափակումները, որոնք սկսեցին գործել դեռևս նախընտրական այն թեժ ժամանակաշրջանում… Այսինքն՝ խնդիրները լուծելու հնարավորություն թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կգտնվի»։


