Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ. ՀՀ նախագահի ելույթը Աբու Դաբիի համաժողովում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող ամենամյա ներդրումային համաժողովին:

«Նախևառաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել էմիրաթական կողմին ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։

Լիովին կիսում եմ այն տեսլականը, որ ներդրումները կենսական դեր են խաղում գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, աղքատությունը և անհավասարությունը: Ի վերջո, միջազգային համագործակցության ամրապնդումը կարևոր է համաշխարհային ֆինանսական կայունությունը խթանելու և համաշխարհային շուկայում բոլոր ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու համար:

Կհամաձայնեք, որ այսօր գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, իսկ մենք ապրում ենք պատմության բեկումնային, որոշ իմաստով անկանխատեսելիության փուլում: Ցանկացած տեղեկատվություն իր մեջ բացասական երանգ է պարունակում, որն անորոշության զգացում է առաջացնում:

Զինված հակամարտություններ, աշխարհաքաղաքական լարվածություն, ճգնաժամեր, տնտեսական անկայունություն, կլիմայի փոփոխության սպառնալիք, մարդու իրավունքների խախտումներ, սոցիալական ցնցում, աղքատություն և անհավասարություն, թվարկված բոլոր իրադարձությունները մարտահրավեր են նետում համաշխարհային կայունության հիմքերին:

Չմոռանանք նաև արդի պայմաններում անհավանական տեմպերով մեծացող արհեստական բանականության դերի մասին, որը կենսական նշանակություն ունի բարելավելու մարդկանց կյանքը ու ճկունությունը՝ արձագանքելով առաջացող մարտահրավերներին: Այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է հավաքական հանձնառություն՝ երկխոսություն, փոխշահավետ լուծումներ, բանակցություններ: Կցանկանայի մեջբերել ԱՄԷ հիմնադիր-նախագահ լուսահոգի Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի խոսքերը, որ միասնությունը ճանապարհ է դեպի ուժ, պատիվ և ընդհանուր բարիք:

Աշխարհաքաղաքական փոփոխությունների և նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և մրցունակ տնտեսական համակարգ: Մեր կարևորագույն կապիտալը կրթված, աշխատասեր ու օրինապահ հասարակությունն է: Կառավարությունն իր հերթին ներդրումներ է կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծվում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ՔՈԱՖ և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տաղանդների զարգացման և մրցունակ սերնդի կրթման վրա։

Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում առկա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և նորարարության հանդեպ:

Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը՝ վարելով «բաց դռների» քաղաքականություն։

Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար և մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայությունը և անկախ դատական համակարգը, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։

Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խոր և համապարփակ բարեփոխումներն օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում:

Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողների համար, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը և թափանցիկ հարկային համակարգը:

Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար և ներդրումային ազատական միջավայրը։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

Հայաստանն առաջարկում է մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ:

Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ: Պատրաստ ենք գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիաների փոխանակման։

Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում, որպեսզի, օգտվելով առիթից, մեր գործընկերները տեղեկացված լինեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին:

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է:

Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք: Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և միջազգային առևտրային միջանցքների գործարկման համար:

Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, կապի մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։

Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար:

Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին, Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը՝ միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ruben Rubinyan meets with Speaker of Verkhovna Rada of Ukraine Ruslan Stefanchuk

Ռուբեն Ռուբինյանը և Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան

Peace and biodiversity are of great importance in domestic and transboundary contexts: Prime Minister at discussion held on sidelines of Leaders Summit

Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն ներքին և անդրսահմանային իմաստներով․ վարչապետը՝ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ Վարչապետը

Ararat Mirzoyan and Khaled El-Enany discussed issues of cooperation between Armenia and UNESCO

Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էնանին քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։