Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում․ Աբիսողոմոնյան

Peace and stability in our region continue to remain among Armenia’s priorities: Abisoghomonyan

Մայիսի 15-ին Քիշնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին:

Ստորև ներկայացված է ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը:

«Մեծարգո՛ նախարարներ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Նախարարների կոմիտեում Մոլդովայի նախագահությանը՝ Քիշնևում այս նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար և շնորհավորել նախագահության գերազանց իրականացման ու արձանագրված նշանակալի արդյունքների կապակցությամբ։

Այս հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները, ներառյալ այն հասարակություններում, որտեղ ժողովրդավարական նորմերը վաղուց անշրջելի էին համարվում, կանգնած են փորձության առջև: Ժողովրդավարական այս հետընթացն այլևս պատահական բնույթ չի կրում. այն պահանջում է ոչ միայն խորքային վերլուծություն, այլև վճռական ու հավաքական գործողություններ։

Այս համատեքստում մենք ողջունում ենք Գլխավոր քարտուղարի ներկայացրած բարեփոխումների նախաձեռնություններն ու ժողովրդավարական անվտանգության հայեցակարգը՝ որպես համապարփակ և անհրաժեշտ արձագանք այս մարտահրավերներին։ Եվրոպայի խորհուրդը պետք է պահպանի զարգացող սպառնալիքներին դիմակայելու իր կարողությունը, հզորացնի կանխարգելման և վաղ արձագանքման մեխանիզմներն ու ակտիվորեն համագործակցի անդամ պետությունների հետ ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև շարունակական ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս քննարկումներն առանձնակի արդիական են Հայաստանի համար, քանի որ մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ։ Ընդամենը 10 օր առաջ մենք պատիվ ունեցանք Երևանում հյուրընկալելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և պատմական՝ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Այս իրադարձությունները նշանակալի հանգրվան դարձան Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության խորացման ճանապարհին, որը հիմնված է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին մեր ընդհանուր հանձնառության վրա։

Մենք բարձր ենք գնահատում նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ակտիվ մասնակցությունը Երևանում անցկացված միջոցառումներին, այդ թվում՝ նրա ելույթը «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը՝ ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ մեկտեղ:

 

Հարգելի՛ գործընկերներ,

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Մենք մոտենում ենք այս գործընթացին ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու լիակատար հանձնառությամբ՝ ապահովելով թափանցիկությունը, բազմակարծությունը և մեր քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը։

Այնուամենայնիվ, մենք պետք է անկեղծ լինենք մեզ սպառնացող վտանգների հարցում։ Արտաքին միջամտությունը, ապատեղեկատվական արշավները և տեղեկատվական տիրույթի համակարգված մանիպուլյացիաներն ուղիղ հարված են հասցնում ժողովրդավարական ինստիտուտներին և հանրային վստահությանը։ Այս ռիսկերը ենթադրական չեն. դրանք փաստագրված են, թիրախային և շարունակական։ Այսօր որևէ ժողովրդավարություն ապահովագրված չէ հանրային քննարկումը խեղաթյուրելու և ինստիտուցիոնալ վստահությունը խաթարելու համակարգված փորձերից։

Այս համատեքստում, այսօր ընդունված որոշումն օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ, հատկապես արդիական է և ժամանակին։ Լիովին գիտակցելով այս մարտահրավերները՝ ՀՀ կառավարությունը հավատարիմ է մնում ընտրական գործընթացները մեր ստանձնած պարտավորություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործին, և մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում։ Այս համատեքստում մենք ողջունում ենք Նախարարների կոմիտեի կողմից 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության ճանաչումը և կարևորում ենք դրա հետագա ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը։ Այս գործընթացը պահանջում է շարունակական ջանքեր՝ միտված վստահության կառուցմանը, այդ թվում՝ հումանիտար հարցերի հասցեագրման միջոցով, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապահովմանը, երկխոսության խթանմանը և տարածաշրջանում կանխատեսելի ու հարատև կայունության հաստատմանը։

Պարո՛ն նախագահ,

Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Մոլդովայի նախագահությանը՝ կատարված աշխատանքի համար և ողջունել Նախարարների կոմիտեում Մոնակոյի նախագահությանը՝ հավաստիացնելով Հայաստանի լիակատար աջակցությունը։

Շնորհակալություն»:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ