Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությանը:

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է Ukyo թիմը: Նրան պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իտալացի հեծանվորդն արժանացել է նաև Tour of Armenia-հաղթողի կոչմանը: Այս մրցանակը ևս հանձնել է Նիկոլ Փաշինյանը: Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը: Նրան պարգևատրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է Bardiani CSF  7 Saber թիմը: Նրան պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը: Պարգևը հանձնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլն անցկացվել է Երևանում: Հեծանվորդները մրցել են 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան: Մրցափուլի ընդհանուր երկարությունը կազմել է 94 կմ: Մրցումային 4-րդ օրվա հաղթող է ճանաչվել Միշելե Գազոլին Իտալիայից: Նրան պարգևատրել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը: Լեռնային դասակարգման առաջատար («լեռների արքա») անվանակարգում հաղթել և կապույտ մարզաշապիկին է արժանացել Լեոնարդո Վեսկոն (Իտալիա): Նրան պարգևատրել է RC Sports & Events ընկերության գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան: Լավագույն երիտասարդ հեծանվորդ անվանակարգում հաղթել և սպիտակ մարզաշապիկին է արժանացել Քևին Բիելը (Դանիա): Նրան պարգևատրել է Օլիմպիական չեմպիոն, իսպանացի նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամուել Սանչեսը:

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել «Tour of Armenia» առաջին մրցաշարի հաջող անցկացման առիթով: ««Առաջին մրցաշար» արտահայտությունն արդեն գալիս է հուշելու, որ հաջորդիվ մեզ սպասում է երկրորդ, երրորդ, չորրորդ, և հույս ունենք, շարունակական մրցաշարեր: Պիտի ասեմ, որ սա, իսկապես, նոր փորձառություն է Հայաստանի Հանրապետության համար: Նոր փորձառություն է՝ բոլոր իմաստներով: Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունում այս կարգի միջազգային հեծանվային մրցաշար անցկացված լիներ առնվազն՝ անկախությունից ի վեր»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ովքեր արձագանքել են Հայաստանի հետաքրքրությանը և ամեն ջանք գործադրել, որպեսզի մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպվի: Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերել, որպեսզի մրցաշարն անցնի պատշաճ մակարդակով: «Իհարկե, այս մրցաշարը, որը միջազգային շուրջ տասնյակ հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակվել, միանշանակ բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը և ճանաչելիության մակարդակը և անկասկած, մեծ հետաքրքրություն է առաջացնելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որն այսօր էլ տուրիստական շատ մեծ հոսքեր ունի: Ես համոզված եմ, որ այս մրցաշարն ավելի կմեծացնի հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև առողջ ապրելակերպի, էկո տրանսպորտի և հեծանվային սպորտի նկատմամբ հետաքրքրության մեծացումը՝ որպես հաջորդ նպատակ. «Ես համոզված եմ՝ մեր բազմաթիվ երեխաներ այսօր մեծ հիացմունքով էին հետևում երեկ, նախորդ օրերին մեր հեծանվորդներին»:

Անդրադառնալով Հայաստանի միջազգային կապերին և գործընկերությանը՝ վարչապետը նշել է. «Շատ կարևոր է, որ մենք միջազգային գործընկերություն ենք հաստատում նաև նման նախաձեռնություններով: Կարծում եմ, որ պատահական չէ, որ 2026 թվականին է հենց այս մրցաշարը տեղի ունենում: Սա Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ շատ պայծառ և պերճախոս վկայություն է»:

«Այս մրցաշարը և մրցաշարի շարունակելիության վերաբերյալ մեր որոշումը նաև Հայաստանում հեծանվային պրոֆեսիոնալ սպորտի և սիրողական սպորտի զարգացման մի նոր խթան կտա»,-իր խոսքում նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, ինչպես նաև գլխավոր մրցանակը ստացած մարզիկին և նշել. «Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի բարձր մակարդակով, ավելի բարձր տրամադրությամբ և ավելի մեծ նվաճումներով մենք կամփոփենք Tour of Armenia հեծանվային պրոֆեսիոնալ մրցաշարը»։

Հեծանվավազքը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից: Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։ Առաջին օրը ATT Investments թիմի հեծանվորդ Միխալ Պոմորսկին առաջինն է հատել եզրագիծը (միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ) և դարձել առաջին օրվա հաղթող:

Հեծանվավազքի երկրորդ օրը աշխարհի տարբեր երկրների 16 թիմերի հեծանվորդները հաղթահարել են Կիրանց-Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։ Առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին (Team Ukyo)՝ ընդամենը մի քանի միլիմետրով առաջ անցնելով հերոսաբար պայքարած Լեոնարդո Վեսկոյից (Biesse-Carrera-Premac)։ Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ՝ 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։

Երրորդ՝ Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ մրցափուլում հաղթանակ է տարել «Netcompany Ineos Racing Academy» թիմի ներկայացուցիչ Մաքս Հայնդսը՝ 162 կմ մրցատարածությունը՝ հաղթահարելով 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում՝ 44.101 կմ/ժ միջին արագությամբ և վաստակելով 12 վայրկյան բոնուսային ժամանակ: Երրորդ մրցափուլի ընդհանուր վերելքը կազմել է 1700 մետր: Մրցափուլի մեկնարկը տրվել է Մարտունիում: Հեծանվորդներն անցել են Գեղարքունիքի,Կոտայքի և Տավուշի մարզերով։

Մրցափուլի հաղթողին, ինչպես նաև տարբեր դասակարգումների առաջատարներին մրցանակները հանձնել է Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարի պաշտոնական դեսպանն է:

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները ստացել են Alé Cycling ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Մասնակից 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս օրերի ընթացքում հեծանվորդներն ընդհանուր առմամբ  ավելի քան 500 կմ ճանապարհ են անցել:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ փնտրելու վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի եվրոպական ուժեղ թիմի մասնակցությամբ: Այս մասին

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Նոյեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս