Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ եթե Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները արդյունք չտան, ցանկացած հնարավոր ագրեսիայի դեպքում ամերիկյան կորուստները ավելի մեծ կլինեն, և ԱՄՆ-ը ստիպված կլինի լքել տարածաշրջանը։
Ազիզ Նասիրզադեն նշել է՝ ամերիկացի որոշ պաշտոնյաներ բանակցությունների ընթացքում սպառնալիքներ են հնչեցրել, որ միջուկային գործարքի չհասնելու դեպքում կարող են ուժ կիրառել Իրանի դեմ:
«Թեհրանը դեմ է նման հեռանկարին: Սակայն Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները մեր հասանելիության սահմաններում են», — նախազգուշացրել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը զգալի հաջողությունների է հասել պաշտպանության ոլորտում։
«Մեր վերջին նվաճումը անցած շաբաթ երկու տոննա մարտագլխիկով հրթիռի հաջող փորձարկումն էր», — հավելել է Նասիրզադեն։
Թրամփն էլ հայտարարել է, որ այլևս այդքան էլ վստահ չէ, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կկնքվի։ Միևնույն ժամանակ, նա հավատացրել է՝ չի ցանկանում պատերազմել Իսլամական Հանրապետության հետ։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։