Սուրբ Հարության Տաճարի հնագիտական հետազոտություններին նվիրված հանդիպում. Հնագիտական գտածոներ

Սուրբ Հարության Տաճարի վերականգնման և հնագիտական հետազոտությունների մեծածավալ ծրագիրը շարունակվում է։

Երեքշաբթի՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմի Սան Սալվատորե համալիրում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Սուրբ Հարության Տաճարում ընթացող վերականգնողական աշխատանքներին և հնագիտական հետազոտություններին։

Հանդիպմանը մասնակցեցին Սուրբ Հարության Տաճարի երեք իրավատեր համայնքների ներկայացուցիչները՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Կորյուն Եպիսկոպոս Բաղդասարյանը, Երուսաղեմի Հունաց Ուղղափառ Պատրիարք Ամենապատիվ Թեոֆիլոս Գ-ն և Սուրբ Երկրի Քուստոս Հոգեշնորհ Հայր Ֆրանչեսկո Իելպոն։ Ներկա էին նաև Սուրբ Հարության Տաճարի Տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղևոնդ Ծայրագույն Վարդապետ Հովհաննիսյանը, Դիվանապետ Հոգեշնորհ Տ. Աղան վարդապետ Գոգոչյանը, ինչպես նաև Առաքելական Նվիրակության քարտուղար Մոնսենյոր Նիկոլա Դի Պոնցիոն։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Սուրբ Հարության Տաճարի վերականգնման և հնագիտական ուսումնասիրությունների ընթացքը, կատարված աշխատանքները, ձեռք բերված արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։

Իր խոսքում Սուրբ Երկրի Քուստոս Հայր Ֆրանչեսկո Իելպոն ընդգծեց, որ Սուրբ Հարության Տաճարը քրիստոնեական աշխարհի ամենակարևոր և միևնույն ժամանակ ամենանուրբ սրբավայրերից մեկն է։ Նա շեշտեց երեք իրավատեր համայնքների միջև համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ աշխատանքներն իրականացվում են փոխադարձ վստահության, երկխոսության և համագործակցության ոգով։

Նա նաև ընդգծեց, որ իրականացվող ծրագիրը միավորում է երեք հիմնական ուղղություն՝ պահպանություն, հետազոտություն և վկայություն։

Հատուկ անդրադարձ կատարվեց Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի հետ համագործակցությանը, որն առանցքային դեր ունի ծրագրի գիտական և հնագիտական աշխատանքներում։ Ըստ Հայր Իելպոյի՝ այս փորձառությունը վկայում է, որ գիտական հետազոտությունն ու սրբավայրի պահպանությունը կարող են ներդաշնակորեն առաջ ընթանալ, երբ հիմնված են վստահության, երկխոսության և ընդհանուր պատասխանատվության վրա։

Գիտական և եկեղեցական կառույցների միջև այս համագործակցությունը շեշտվեց նաև «Լա Սապիենցա» համալսարանի ռեկտոր Պրոֆ. Անտոնելլա Պոլիմենիի ներկայությամբ։ Գնահատանքով հիշատակվեց նաև Պրոֆ. Ֆրանչեսկա Ռոմանա Ստասոլլայի և նրա հնագետների ու գիտաշխատողների թիմի հետևողական աշխատանքը, որն էական նշանակություն ունի ծրագրի գիտական հաջողության համար։

Հնագիտական հետազոտությունները շարունակվում են հայտնաբերված գտածոների և հավաքված տվյալների ուսումնասիրությամբ։ Գիտնականները վերակազմում են Սուրբ Հարության Տաճարի տարածքի պատմական զարգացման տարբեր փուլերը՝ սկսելով հնագույն քարհանքից, անցնելով Երկրորդ Տաճարի և հռոմեական ժամանակաշրջաններից մինչև քրիստոնեական տաճարի հիմնադրումն ու հետագա պատմությունը։

Զուգահեռաբար շարունակվում են նաև վերականգնողական աշխատանքները։ «Manens S.p.A.» ընկերության համակարգմամբ իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքները Տաճարի մեծ մասում արդեն ավարտվել են։ «La Venaria Reale» պահպանման և վերականգնման կենտրոնի հիմնադրամի համակարգմամբ շարունակվում է վերականգնված հատակի տեղադրումը, որն արդեն ամբողջացել է Տաճարի շուրջ մեկ երրորդում։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Սուրբ Հարության Տաճարի փայտյա գլխավոր մուտքի դռան վերականգնման աշխատանքը, որը ղեկավարվում է Ռոբերտո Սակումանի կողմից։

Հնագիտական հետազոտությունների առաջին արդյունքներն ամփոփված են «Hagia Polis Project. Excavations at the Holy Sepulchre in Jerusalem. Volume I. Project and Methodology» հատորում։

Սուրբ Հարության Տաճարում իրականացվող այս մեծածավալ ծրագիրը ոչ միայն գիտական և վերականգնողական կարևոր նախաձեռնություն է, այլև Սուրբ Հարության Տաճարի երեք իրավատեր համայնքների և գիտական շրջանակների միջև համագործակցության կենդանի վկայություն։

Սուրբ Հարության Տաճարի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ այն պարզապես հնագիտական հուշարձան չէ, այլ կենդանի սրբավայր՝ քրիստոնեական հավատքի և վկայության կենտրոն, ուր աշխարհի բոլոր կողմերից ուխտավորներ են ժամանում, և որտեղ անդադար կատարվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Չարչարանքները, Խաչելությունը, Մահն ու Հարությունը հիշատակող սրբազան արարողություններ։

Աղբյուրը՝ ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅ

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով